Կիպրոսը դատապարտում է Սիրիայում գտնվող Սուլեյման Շահի դամբարանն ու այն պահպանող կայազորի տարհանման՝ Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Շաբաթ գիշերը թուրք զինվորականները Քոբանիի շրջանում մտել են սիրիական տարածք եւ ուղղվել սահմանից 30 կմ հեռավորությամբ գտնվող Սուլեյման Շահի՝ Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման սուլթանի պապի դամբարան: 1921 թվականի Անկարայի պայմանագրի համաձայն, դամբարանը Սիրիայի տարածքում թուրքական անկլավ է համարվում: Դամբարանի պատվավոր պահակախմբում 39 թուրք զինվորական է ընդգրկված: Ըստ ՌԻԱ Նովոստիի, տարհանման ժամանակ դժբախտ պատահարի արդյունքում 1 զինվոր մահացել է: Դամբարանը ժամանակավորապես փոխադրվել է թուրքական սահմանին մոտ գտնվող Էշմա շրջան:
«Մենք դեմ ենք քաղաքականության մեջ երկակի չափանիշներին: Մենք դատապարտում ենք այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում: Պետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ամրագրված են միջազգային իրավունքում եւ ՄԱԿ-ի Կանոնակարգում, եւ բոլոր երկրները պետք է պահպանեն այն»,- հայտարարել է Կիպրոսի նախագահը:
Սիրիայի իշխանությունները նույնպես դատապարտել են իրենց տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունը: 2011 թվականից Սիրիայում քաղաքացիական պատերազմ է: Կառավարական զորքերին դիմակայում են ընդդիմադիր տարբեր ուժեր, այդ թվում՝ ծայրահեղական իսլամական խմբավորումներ: