Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Ուիլոգբի արվարձանի քաղաքային խորհուրդը մայիսի 11-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել, հայտնում է Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը։
«Ուիլոգբիի քաղաքային խորհուրդը ճանաչում է 1915-1922թ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը եւ դատապարտում է այդ եւ այլ ցեղասպանության ակտերը եւ մարդկության դեմ գործած հանցագործություններ՝ որպես անհանդուրժողականության ծայրահեղ դրսեւորում»,- ասված է բանաձեւի տեքստում։
Փաստաթուղթը ներկայացրել է խորհրդի անդամ Ջոն Հուփերը եւ ընդունվել է միաձայն։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ավստրալիայի Ռեյդ քաղաքը իր նիստում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ բանաձեւ էր ընդունել։