Մեծ Բրիտանիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ, որը կայանալու է մինչեւ 2017-ի վերջը, պետք է պատասխանեն հարցին՝ «Արդյոք Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրամիության անդամ», հաղորդում է «Ռեյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ հարցը հստակ է դրված: «Քվեարկության մասնակիցները կորոշեն՝ կմնա՞ Մեծ Բրիտանիան ԵՄ-ում, թե ոչ»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը դեռեւս մայիսի 7-ին կայացած ընտրություններում, որտեղ նա վստահ հաղթանակ է տարել, հայտարարել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվե կանցկացնի 2017 թվականին, սակայն չէր բացառել, որ դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ: Նա նաեւ խոստացել էր հասնել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերանայման: