Ոստիկանությունը ակտիվիստ եւ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել` ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար:
«Ոստիկանությունը բռնությամբ բերման ենթարկեց ինձ, այդ ընթացքում մարմնական վնասվածքներ ստացա: Ոստիկանությունն իրեն բավականին լկտի էր պահում, որը մշտական ոստիկանական պահվածքն է: Օմբուդսմենի գրասենյակից արձանագրել են, որ որոշ ժամանակ իմ պաշտպան Արամազդ Կիվիրյանին ներս չէին թողնում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման է ենթարկվել 46 քաղաքացի, որոնց բոլորին արդեն ազատ են արձակել:: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է: