Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ բռնություն չի կիրառվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: (ֆոտոռեպորտաժ)
«Ոստիկանները շատ գերազանց, ադեկվատ ու համաչափ են այսօր գործել: Սա կարող է այլ երկրի ոստիկանների համար օրինակ ծառայել»,- ասաց փոխոստիկանապետը:
Վալերի Օսիպյանը բացատրեց, որ բերման ենթարկվածները կապտուկներ են ստացել, երբ ոստիկանները փորձել են նրանց նստած տեղից բարձրացնել:
«Չեմ բացառում, որ ձեռքերի այն հատվածները կարմրեն: Բայց դա բռնություն չէ, միտումնավոր չէ, դրանք լուրջ վնասվածքներ չեն, լուրջ հետեւանքներ չեն կարող ունենալ»,- ասաց նա:
Օսիպյանը ավելացրեց, որ ոստիկանները եւս նման վնասվածքներ ունեն:
«Ինձ վրա էլ կա, ճիշտն ասած: Հավաքի մասնակիցներից հասցրել են ճանկռել»,- ասաց նա:
NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին Ազատության հրապարակում են հավաքվել մի քանի հարյուր քաղաքացիներ, այդ թվում՝ տարեցներ, որոնք քննարկում են իրենց հետագա անելիքները:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 6-ին, հայտարարություն էր տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին ժամանակ էր տրվել մինչեւ 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան: Չնայած ոստիկանության հորդորներին՝ ցուցարարները նստել էին փողոցում եւ շարունակում էին նստացույցը: Ոստիկանական ուժերի թիվը Բաղրամյան պողոտայում 13:00-ի սահմանում կտրուկ ավելացավ, նրանք պողոտայում նստած ցուցարարների մեծ մասին ոտքերից բռնած, գրկած վիճակում բերման ենթարկեցին, մյուս մասին շղթա կազմած հեռացրին դեպի մայթ: Գործողության ընթացքում բերման ենթարկվեց 46 քաղաքացի: Այս պահին Բաղրամյան պողոտան բաց է, երթեւեկությունը վերականգնվել է:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am