ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝«Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում Ջուլիաննա Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 7-ին քաղաքացի  Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացվել, որ  նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը` 6 ամսական Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երեւան քաղաքի Արմենակյան 153 հասցեում գործող «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, բժիշկների անփութության հետեւանքով, մահացել է:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի  2-րդ մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ բուժվող հիվանդի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։