News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Օգոստոսի 12-ին 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` զենքով դասալքության, զենք եւ զինամթերք գողանալու եւ դրա անօրինական ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխության եւ կրման հանցագործությունների համար նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Դատապարտյալը պատիժը կկրի խիստ ռեժիմով գաղութում: Բայց այս պատիժը նրա համար էական չէ, քանի որ Պերմյակովը դեռ պետք է դատվի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով: Այդ ուղղությամբ նախաքննությունը դեռ չի ավարտվել, դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն:

Տաքսու պատմությունն այս գործում անչափ էական է: Այսինքն, Պերմյակովը եթե ոչ Ավետիսյանների տուն, ապա գոնե այդ փողոց է հասել տաքսիով, այստեղ պատահականության գործոնը գրեթե բացառվում է. պետք էր չէ՞ տաքսուն կոնկրետ հասցե տալ, թե ուր էր ցանկանում գնալ: Հետո էլ՝ վարորդը տեսնում էր չէ՞, որ զինված ուղեւորի է տեղափոխում: Եվ, վերջապես, եթե նպատակը փախչելն էր, ապա նախ կթալաներ վարորդին եւ նրա մեքենայով էլ կհասներ սահման, այն էլ՝ վրացական, որն անցնելն անհամեմատ ավելի հեշտ էր, քան թուրքականը:

Դաժանաբար սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը` տիկին Ռիտան, ով առաջինն է տեսել Ավետիսյաններին` սպանված վիճակում, մեզ հետ զրույցում իր հերթին ասաց, որ իրենք եւս դեպքի հաջորդ օրը լսել են այդ մասին. «Առաջին օրը խոսվել է, որ ինչ-որ վարորդ ասել է, որ տվյալ տեղը ոճրագործին երկրորդ անգամ է բերում, բայց թե ո՞վ է, եւ ինչո՞ւ է բերել նրան, այդպես էլ չիմացանք: Քանի որ դեպքից մի քանի օր հետո արդեն դրա մասին այլեւս ոչինչ չխոսվեց, հնարավոր է` վախեցրել են, որովհետեւ տարօրինակ է, որ էդ մի օրը տաքսու վարորդը ելավ, հետո կորավ ու կորավ, նույնիսկ այդ տաքսին էլ դեպքի հաջորդող օրերին այլեւս չկար քաղաքում:

Պերմյակովի ցուցմունքների համաձայն՝ նա մտել է հենց Ավետիսյանների տուն, որովհետեւ միակ բաց դարպասն է գտել: Տեղյա՞կ եք, նրանք առհասարակ փակո՞ւմ էին դրսի դուռը, թե ոչ:

Չէ, նրանք միշտ փակում էին դարպասները. հնարավոր չէ, որ իրենք «վառոտները» բաց թողնեին: Կարող է` ընդհանուր փականով փակած չլինեին, բայց կար փոքրիկ փական, որն անպայման ֆռացնում, փակում էին: Բայց որ բաց թողած լինեին, դա սուտ է: Հետո էլ՝ էդ նույն փողոցի վրա էնքան անտեր դռներ կային, որ մի հատ հենվեիր, ինքն իրեն կբացվեր: Մենք համոզված ենք, որ Պերմյակովը մենակ չի գործել, մենք դատավարության ընթացքում էլ համոզվեցինք, որ նա այդ տեսակ մարդասպանի նման չէր: Հետո փաստ է, որ մարդիկ քնել են տարբեր սենյակներում, ու եթե ինքը այդ տանն ընդհանրապես ծանոթ չէր, ինչպե՞ս կարողացավ իմանալ, որ տարբեր սենյակներում մարդիկ կան քնած: Պարզ է, որ նրան ինչ-որ մեկը մատնացույց է արել քրոջս տունը: Հետո էլ հաստատ քույրս քնած չէր լինի, որովհետեւ իր ստամոքսը ցավում էր երկու օր շարունակ ու գիշերները հանգիստ քնել չէր կարողանում: Մեզ միայն մի բան է տանջում ու ուզում ենք, որ գոնե դատավարության ընթացքում էդ ոճրագործն ասի, թե ինչու հենց քրոջս տունը, ինչու հենց Ավետիսյանների ընտանիքը վերացրեց, ոխակալությո՞ւն կար, թշնամա՞նք…»: 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ