![](img/news/29/80/23/default.jpg)
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով, դասալքության մեղադրանքով:
2015թ. հոկտեմբերի 16-ին Վալերի Պերմյակովին հայկական կողմը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով։