![](img/news/29/84/41/default.jpg)
Եթե Սահմանադրական փոփոխություններով առաջարկ լիներ անցում կատարել հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին, կարող էինք հստակ ասել, որ գնում ենք միակուսակցական եւ երկկուսակցական համակարգի: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուի շրջանակում Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանում լինելու է միակուսակցական համակարգ:
«Միակուսակցական համակարգեր ձեւավորում են այն երկրներում, որտեղ առկա է միայն մեծամասնական ընտրական համակարգ, քանի որ փոքր կուսակցությունները չեն կարողանում շատ ձայներ հավաքվել: Մեր վերջին խորհրդարանական ընտրությունները իմ ասածի վառ ապացույցն են. մեծամասնական ընտրակարգով միայն երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն են մանդատներ ստացել: Հետեւաբար, եթե մենք գնայինք հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին, կարող էինք հստակ ասել, որ մենք գնում ենք երկկուսակցական կամ միակուսակցական համակարգին: Մինչդեռ մենք հակառակն ենք անում»,- ասել է Հրայր Թովմասյանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամի խոսքով՝ Սահմանադրական փոփոխություններով ամրագրվում է, որ Հայաստանի խորհրդարան կարող են անցնել 2-ից ավելի կուսակցություններ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի վեցին: