Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներն այսօր՝ հունվարի 12-ին, սպանությունից 1 տարի անց կարողացան ներս մտնել տուն:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տանը ոչինչ չի փոխվել, միայն Ավետիսյանների լուսանկարներն են ավելացել: Դեպքից հետո իրավապահները կողպել են դարպասը, եւ հարազատները հնարավորություն չունեին՝ ներս մտնելու:
Նշենք, որ ժամը 13:00-ին Գյումրիի քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, որից հետո` ժամը 17:30-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և մոմավառություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Հայկական կողմը դեկտեմբերի 18-ին սկսել է դատավարությունը: Նիստերը, սակայն, տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: