News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատավարության ժամանակ միջնորդել է գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հանձնելու կապակցությամբ։

Սաքունցը միաժամանակ նշել է, որ, չնայած նախորդ նիստում դատարանի դահլիճից ռուսական պահակախումբը դուրս բերելու միջնորդությունը մերժելուն, այդուհանդերձ այսօրվա նիստում ռուսական պահակախումբ չկա։

Նա հիշեցրել է, որ բազայի տարածքում նիստեր անցկացնելու որոշումը կայացրել է դատավորը՝ հաշվի առնելով, որ նախկինում ամբաստանյալը դատապարտվել է կայազորային դատարանի կողմից եւ պատիժը կրում է բազայի քննչական մեկուսարանում, այդ պատճառով հնարավոր է անցկացնել արտագնա նիստ, ինչը բխում է քննության շահերից։ Բազայի տարածքում նիստն անցկացնելու դեմ փաստարկների թվում իրավապաշտպանը նշեց. «Ինչպե՞ս է դատարանը պատկերացնում Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի արտագնա նիստը»։

Իրավապաշտպանը նորից ընդգծել է, որ բազայի տարածքում դատարանի դահլիճում չկան անհրաժեշտ պայմանները։ Ինչպես ենթադրել է իրավապաշտպանը, շենքում դժվար թե խորհրդակցությունների սենյակ լինի, որտեղ կարող է առանձնանալ դատավորը որոշում կայացնելու համար։ «Մենք չենք լսում, թե ինչ է ասում Պերմյակովը, չենք լսում թարգմանությունը, չենք տեսնում ամբաստանյալի միմիկան, ինչն անհրաժեշտ է փաստաբաններին կարծիք կազմելու  համար»,- ասել է Սաքունցը։

Նա նաեւ հայտնել է, որ քննչական մեկուսարանը, որտեղ գտնվում է ամբաստանյալը, չի համապատասխանում պահանջներին, իսկ նրան հսկող մարդիկ կարող են շահագրգիռ անձինք լինել։ Փաստացի հայկական կողմը չի կարող ամբաստանյալին ապահովել նրա իրավունքների կատարումը, քանի որ նա գտնվում է մի վայրում, որը Արդարադատության նախարարության ՔԿՀ չի հանդիսանում եւ ՀՀ օրենսդրության տեսակետից չի հանդիսանում բանտարկյալի պահման վայր։

Փաստաբան Լուսինե Սահակյանն ընդգծել է, որ ամբաստանյալին վանդակում պահելը հակասում է ՄԻԵԴ պահանջներին եւ հիշեցրել է, որ հայկական դատարաններում նման իրավախախտում տեղի չի ունենում։  «Արդար դատավարություն իրականացնելու համար դատը պետք է ընթանա  Հայաստանի դատական գործընթացների անցկացման համար նախատեսված շենքում»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ դատը ռուսական բազայի տարածքում անցկացնելը ստվեր է թողնում դատավորի գործողությունների վրա։  

Փաստաբանը նաեւ նշել է, որ մամուլի աշխատանքի պայմանները ծայրահեղ անբարենպաստ են հանրային դատավարության համար։

«Մեզ համար անհասկանալի են ձեր այն փաստարկները, թե Պերմյակովը բազայում է գնվում, քանի որ այստեղ հարմար է վարել դատը։  Այդ տրամաբանությամբ ամեն անգամ դատարանը պետք է գնա քրեակատարողական հիմնարկ»,- նշել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ համառությունը, որով դատավորը ձգտում է դատը վարել բազայում, հանգեցնում է այն մտքին, որ դատավորի գործողությունները սահմանափակ են։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, միանալով միջնորդությանը, նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու պետք է Հայաստանը լրացուցիչ ծախսեր կատարի՝ ապահովելով դատական գործընթացը ռուսական բազայում անցկացնելը։

Փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես միացավ միջնորդությանը։ Նա կասկածներ հայտնեց այն կապակցությամբ, թե արդյոք խորհրդատվությունների սենյակն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները։

Փաստաբան Մարտին Պողոսյանը նույնպես միացավ գործընկերների կարծիքին։ Իրավահաջորդները նույնպես միացան Արթուր Սաքունցի պահանջին։

Ամբաստանյալ Վալերի Պերմյակովն ասաց, որ «իր համար տարբերություն չկա»։ Փաստաբան Էդուարդ Աղաջանյանը կարծիք հայտնելուց առաջ նշեց, որ իր պաշտպանյալը ձեռնաշղթաներով է, ինչը կոպիտ խախտում է։

Կողմերին լսելով՝ դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ