News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Գյումրիում 2015թ. հունվարի 12–ին սպանված Ավետիսյաննների ազգականուհին` Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը` նրանց հետ նույն բակում բնակվող Կարինե Ավետիսյանը, պնդում է, որ դեպքի օրը ինքը չի լսել ոչինչ, որը կասկածի տեղիք կտար, թե Ավետիսյաններն իր օգնության կարիքն ունեն։ Այսօր` հունվարի 29–ին, դատարանում Կարինե Ավետիսյանը պատմեց, որ առավոտյան 06։20–ի սահմաններում «գմփոց» է լսել, սակայն չի մտածել, թե դա կրակոցի ձայն է։

«6 անց 20 էր, գմփոց լսեցի, քնից արթնացա, ասի` էս ի՞նչ երկրաշարժ է, ելա, լույսը վառի, լյուստրան չէր շարժվում, մյուս սենյակները նույնպես նայեցի, ելա դուրս, մութ էր, վախեցա։ Դրսի լույսը ասի վառած թողնեմ»,– պատմեց Կարինե Ավետիսյանը։

Առավոտյան աշխատանքի գնալիս նա բակում թաշկինակ է գտել, բայց ուշադրություն չի դարձրել` կարծելով, որ Արմեն Ավետիսյանինն է։ Նույնիսկ բաց դարպասը նրա մոտ կասկած չի առաջացրել, թեեւ պնդեց, որ իրենք դարպասը միշտ փակում են։

«Հարեւանն էր կանգնած, ասի` գիշերը երկրաշարժ էր, լսեցի՞ր, ասեց` չէ, հետո գնացի գործի, այնտեղ էլ հարցրի` երկրաշարժից խաբար եղա՞ք, ասին` չէ»,– պատմեց վկան։ Սակայն դա էլ նրա մոտ կասկած չի առաջացրել։

Կարինե Ավետիսյանը պնդեց, որ բակում 6 ամսական Սերյոժայի ձայնը չի լսել, թեւ այդ ժամանակ, հիշեցնենք, երեխան վիրավոր էր։

«Երեխու ձեն եթե գար, ես էդքան անխիղճ չեմ, իրանց տան լույսերը մարած էին, իրանց տունը եթե լույս վառած լիներ, կերթայի առաջ, ես 11–ին եմ իմացել։ Քույրս զանգեց գործիս տեղը, ասեց` Սերոժենց սպանել են, արի, ես վազելով եկա տուն»,– ասաց նա։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հակասություն նկատեց վկայի` դատարանում տված եւ նախաքննական ցուցմունքների միջեւ. Նախկինում վկան ասել էր, թե լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը։

«Հա, մի պահ լսել եմ երեխի լացի ձայն,– վրդովվեց վկան,– բայց որ դուրս եկա, դուրսը մութ էր, բայց երեխա է, լացում է, հո չե՞մ գնալու ասեմ` ինչ ա եղել։ Ես որ գմփոցը լսեցի, մտածեցի` երկրաշարժ է, ելա դուրս, վախեցա մթանը գնամ Հասմիկենց տուն, դռան պատուհանի ընկածն էլ չեմ տեսել, ես էդքան անխիղճ չեմ, որ իմանամ ու բան չանեմ, հա ի՞նչղ կեղնի մահացածների հետ քնիմ, ելնիմ ու հետո գնամ գործի»։

Դատական նիստը շարունակվում է:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ