Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի 6 ռուս զինծառայողները, ովքեր Ավետիսյանների սպանության գործով ներգրավված են որպես վկա, այլեւս ռազմաբազայի ծառայողներ չեն: Այս մասին ռազմաբազային ուղարկված գրությունն այսօր` հունվարի 29-ին, դատարանում ընթերցեց Ավետիսյանների սպանության գործով նախագահող դատավորը: Ըստ գրության` զինծառայողները 2015թ. օգոստոսի 16-ին հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից: Գրությանը կից ներկայացվել են համապաստախան հրամանների քաղվածքները:
Դատական նիստը շարունակվում է:
Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:
Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։