News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա ծառայության են ուղարկվում զինծառայողներ, որոնք ռուսաստանյան զորամասերում ինչ-ինչ խնդիրներ են առաջացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ հետեւություններ անելով նախօրեին ռուս զինծառայող, գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի վաշտի հրամանատար Արտյոմ Դանչինի՝ դատարանում տված ցուցմունքից:

«Ինձ համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի զորամասը, ըստ էության, իրենց համար որպես աքսորավայր է ծառայում, որտեղ տեղափոխվում են ծառայողներ, ովքեր ռուսաստանյան զորամասերում ինչ-որ կերպ խնդիրներ են առաջացրել: Եւ այն, որ իրենք նշում են, թե լավագույն զինվորներին են ուղարկում Հայաստան, իրականությանը չի համապատասխանում»,-ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Դանչինը մասնակցություն չի ունեցել Պերմյակովին Չիտայից Հայաստան ծառայության ուղարկելու ստուգիչ աշխատանքներին, այնուամենայնիվ, հարցաքննության ընթացքում թվել է մի շարք չափորոշիչներ, որոնք պարտադիր են ռազմաբազայում ծառայության անցնելու համար:

Ըստ Դանչինի՝ ռազմաբազայում ծառայության չեն կարող անցնել հոգեբուժական հաստատություններում հաշվառված անձինք, նախկինում ձերբակալվածները կամ դատապարտվածները, նույնիսկ քրեական անցյալով հարազատներ ունեցողները, մինչդեռ Պերմյակովը հաշվառված է եղել հոգեբուժական հաստատությունում, իսկ նրա եղբայրը դատապարտված է եղել, բացի դա, Չիտայում ծառայության ընթացքում 8 անգամ դասալքություն է արել եւ երեք ամսով զրկված է եղել զենք կրելու իրավունքից:

«Դանչինի հարցաքննությունը կարեւոր էր նրանով, որ մանրամասն նկարագրեց, թե ինչ չափորոշիչներով են ընտրություն կատարում, ինչից պարզ դարձավ, որ Պերմյակովը որեւէ կերպ չի համապատասխանում այդ չափանիշներին, եւ պետք է Հայաստան չտեղափոխվեր, սակայն տեղափոխվել է»,-նշեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանի խոսքով, հետաքրքրական բացահայտում էր այն, որ Պերմյակովի դասալքության հետ կապ ունեցող բոլոր 6 ծառայողները հեռացվել են ռազմաբազայի անձնակազմից:

Փաստաբանի խոսքով՝ ռազմաբազայի վեց նախկին ծառայողները առանցքային վկաներից են, եւ անհրաժեշտ է պարզել վերջինների գտնվելու վայրը, եւ հարցաքննության նպատակով ապահովել նրանց ներկայությունը դատարանում:

«Մենք միջնորդելու ենք, որպեսզի նրանք հրավիրվեն դատարան եւ հարցաքննվեն, քանի որ այս գործով էական նշանակություն ունի նրանց ցուցմունքը: Այդ անձինք ինչ-որ առնչություն են ունեցել Պերմյակովին Հայաստան բերելու եւ նաեւ նրա ծառայությունը լքելու հետ կապված: Բացի այդ, պետք է պարզել՝ ինչպես է ստացվել, որ Պերմյակովի նման զինծառայող է ուղարկվել Հայաստան՝ հետագայում կանխելու նման դեպքերի կրկնություն»,-ասաց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը կարեւորեց նաեւ Ավետիսյանների հետ նույն բակում բնակվող նրանց ազգականուհու` Կարինե Ավետիսյանի՝ դատարանում տված ցուցմունքը, որը հակասել է նախաքննական ցուցմունքին:

«Նրա ցուցմունքով, համենայնդեպս, ակնհայտ երեւաց, որ որոշ տվյալներ նախաքննական մարմնին չէր հայտնել, մասնավորապես՝ չէր նշել, որ երեխայի ձայներ է լսել: Եւ լուրջ կասկած է հարուցում այն, թե նա, պատկից հարեւան լինելով, կրակոցների ձայներ կամ աղմուկ չի լսել: Երեւում է՝ որ ասածները չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց փաստաբանը:

Նշենք, որ բացի Դանչինից պետք է հարցաքննվեին ռազմաբազայում ծառայող եւս 6 վկաներ, սակայն ռազմաբազայից ուղարկված գրության մեջ նշվում էր, որ նրանք այլեւս ռազմաբազայի անձնակազմի անդամներ չեն:

Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 5-ին, կշարունակվի վկաների հարցաքննությունը:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Նշենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ