Իսրայելը հայտնել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, ինչպես նաեւ, որ մնացած տարաձայնությունների լուծման համար երկխոսության նոր փուլ է սկսվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկու երկրների պատվիրակությունները այս շաբաթ նորից հանդիպել են Շվեյցարիայում։
«Թուրքիայի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն ամեն դեպքում որոշ հարցեր բաց են մնում։ Դրանք քննարկվելու են մոտ ապագայում կայանալիք հանդիպմանը»,- ասել է Իսրայելի վարչապետի մամուլի խոսնակ Օֆեր Գենդելմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ. մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:
Նախորդ շաբաթ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիան եւ Իսրայելը հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագիծ են պատրաստել։