News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտոնատար անձանց թույլատրվել է առանց խոչընդոտի մտնել ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Սահմանապահ ջոկատի տարածք, որտեղ գտնվում էր Վալերի Պերմյակովը։ Այս մասին մարտի 4-ի դատական նիստում ասել է Սահմանապահ ջոկատի պետի տեղակալ, պետական սահմանի պաշտպանության բաժնի պետ Դավիթ Միրզոյանը։

Վկայի խոսքով՝ հունվարի 12-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նա 102-րդ բազայի օպերատիվ հերթապահությունից տագնապ է ստացել, որ անհետացել է զինծառայող՝ ամրակցված զենքով։ Խստացվել է սահմանի հսկողությունը, ուղարկվել են լրացուցիչ ուժեր այն տեղերում, որտեղ սահմանի հատում է հնարավոր եղել։ Նույն օրվա առավոտյան իմացել է, որ ոստիկանության, բազայի ուժերը փնտրել են զինվորին, ներգրավվել են նաեւ սահմանապահները։ Օրվա երկրորդ կեսին լրատվամիջոցներից իմացել է սպանության մասին եւ որ կասկածյալը Պերմյակովն է։ Մոտավորապես նույն ժամանակ էլ հրաման է ստացվել սահմանի հսկողությունը բոլոր ուղղություններով խստացնելու մասին։ Երեկոյան տեղեկություն է ստացվել, որ զենքն ու հագուստը գտել են Ավետիսյանների տանը։

Երեկոյան ժամը 22-23-ը անձամբ զանգահարել է ուղեկալների բոլոր պետերին, ճշտել առաջադրանքները։ Բայանդուրի պետ կապիտան Խաչատրյանը մյուսների նման զեկուցել է, որ անձամբ վերակարգ անցել հատկապես վտանգավոր ուղղություններով։ Կեսգիշերին մոտ ազդանշան է ստացվել, որ Բայանդուրի ուղեկալի մոտ՝ պոմպակայանի շրջանում, Խաչատրյանը նկատել է լապտեր եւ մարդու։ «Նրան հրամայեցի կտրուկ շարժումներ չանել։ Միջոցներ ձեռնարկել միայն արգելապատնեշներին մոտենալու եւ դրանք խախտելու դեպքում»,- նշել է վկան՝ հավելելով, որ այդ ժամանակ ինքը տանն է եղել։  Փոխել է հագուստը եւ գնացել աշխատասենյակ։ Գնալու ընթացքում զանգահարել է Խաչատրյանին, քանի որ կասկածել է, որ նրա տեսած մարդը կարող է անասուն կորցրած տեղաբնակ լինել։ Հրաման է տվել կոնկրետ քայլեր չձեռնարկել, մինչեւ չհամոզվեն, թե ով է իրենց առջեւ։

Ձերբակալվածը նկարագրությամբ նման էր Պերմյակովին։ Շտաբի պետը օպերատիվ խմբի հետ մեկնել էր դեպքի վայր։

«Որոշ ժամանակ անց նրանք վերադարձել էին Սահմանապահ ջոկատ եւ բերել ձերբակալվածին։ Հրաման է տրվել ներս թողել ոստիկանության, դատախազության, Շիրակի մարզային դատախազության, ԱԱԾ համարանիշերով բոլոր մեքենաները, բոլոր ժամանող  պաշտոնյաներին ուղեկցել ղեկավարի աշխատասենյակ առանց անցագիր ձեւակերպելու»,- ասել է վկան։

Պերմյակովին տարել են շտաբի պետի սենյակ։ Կազմվել է հանձնման ակտ եւ բուժզննման մասին արձանագրություն։

Այդ պահին ներկա է եղել մոտ 18 մարդ, եւ վկան, որը Սահմանապահ ջոկատում ծառայել էր մի քանի ամիս, բոլորին չէր դեմքով եւ անուններով ճանաչում։ Ոստիկանական համազգեստով ներկա էին մարդիկ, սակայն քանի հոգի, չի կարող ասել։  Երբ Պերմյակովին տանում էին, Միրզոյանը չի տեսել, քանի որ իրավիճակի մասին զեկուցում էր Սահմանային վարչության ղեկավարությանը։

Ձերբակալվածին հայկական կողմին հանձնելու կարգի մասին հարցին վկան պատասխանեց, որ գործող միջպետական համաձայնության համաձայն՝ սահմանապահ զորքերը անհայտ անձանց ձերբակալելիս իրավունք ունեն սահմանապահ ջոկատ հասցնելուց հետո 3 ժամով ձերբակալում իրականացնել: Այդ ընթացքում իրականացվում է ինքնության  հաստատումը եւ փաստաթղթերի ձեւակերպումը, որից հետո նրան հանձնում են կամ ոստիկանության մարմիններին կամ ԱԱԾ-ին կամ հետախուզում նախաձեռնողին։ Իրազեկման ժամկետներիչ կան։

Հարցին, թե ինչ իրավախախտման համար է ձերբակալվել Վալերի Պերմյակովը, Միրզոյանը պարզաբանել է, որ Պերմյակովը չի ձերբակալվել որպես սահմանախախտ: Նա ձերբակալվել է որպես որոնվող անձ: «Նույնկերպ մեզ կարող է նման հանձնարարություն տալ Հայաստանի ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն»,-նշել է վկան:

Միաժամանակ նա նշել է, որ հետախուզման նախաձեռնողը եղել է ռուսական ռազմակայանը, բայց հայկական կողմից հետախուզման մասին փաստաթղթեր չեն եղել, առնվազն ինքը չի տեսել:

Նրա խոսքով, եթե Հայաստանի իրավապահ մարմիններից հարցում լիներ, հնարավոր է փոխանցեին Հայաստանին, որովհետեւ հանցագործությունն ավելի ծանր է: Բայց հայկական կողմին փոխանցել՝ ելնելով սեփական ենթադրություններով, չեմ կարող, ընդգծել է Միրզոյանը: Հարցին, թե իր ղեկավարը կարո՞ղ էր թաքցնել նման հարցումը, վկան ոչինչ չբացառեց, սակայն հավելեց, որ իր ղեկավարին ստի մեջ կասկածելու հիմքեր չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ