Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների մասին դեռ վաղ է որեւէ բան ասել։ Այդ մասին ասել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով, Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում երթեւեկությունը այս պահից եւ վաղը երկկողմանի կդադարեցվի։
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։
Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է վեց մարդ, մեկը մահացել է։
Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:





























