Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան պայթած ավտոբուսը եղել է դիզելային վառելիքով։ Այդ մասին NEWSam-ի թղթակցին հայտնել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նրա խոսքով, գազի բալոն չի եղել ավտոբուսի վրա, հանգամանքները պարզվում են։ Հարցին, թե որ ընկերությանն է պատկանում ավտոբուսը, քաղաքապետն ասել է, թե դեռ հայտնի չէ։

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է վեց մարդ, մեկը մահացել է։

Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կա 1 զոհ, որի ինքնությունը ճշտվում է: 

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Դեպքի վայր են ժամանել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։։

Դեպքի վայրում ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը պայթյունի հանգամանքների մասին որեւէ տեղեկատվություն չեն հայտնում։

Ինչպես պատմել է դեպքի ականատեսներից մեկը NEWS.am-ի թղթակցին, հնչել է երկու պայթյուն։

Ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչեւ 15-րդ թաղամաս: