Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից վիրավորված երկու դեռահասների վիրահատությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում ավարտվել է, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, վիրահատվել են 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայանը եւ 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյանը։ Նրանք ընկերներ են, իրար հետ դուրս են եկել Թումոյից եւ նստել են ավտոբուս։
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։
Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կա երկու զոհ, որոնց ինքնությունը չի հաղորդվում։





























