Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին պայթած ավտոբուսը պատկանում էր «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին, որը պատկանում է «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին։ Վերջինիս զանգահարելու մեր փորձերն ապարդուն անցան։
Hetq.am-ի տեղեկություններով, ՍՊԸ-ն, որի հետ Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել 2013թ-ի օգոստոսի 21-ին։ Ըստ քաղաքապետարանի՝ «Հետքին» տրամադրած տվյալների՝ այս երթուղուն են պատկանում 17 հատ «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ։
Չնայած ընկերության կանոնադրական կապիտալը 2015 թվականի հոկտեմբերի դրությամբ անցել է 67 մլն դրամը, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ սնանկության հայց է ներկայացվել դատարան:
Ընկերությանը սնանկ ճանաչելու հայցով «Առեկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն է դիմել դատարան` ընկերության ունեցած շուրջ 1,8 մլն դոլարի վարկային պարտավորության համար:«Կինգ Դելյուքս» ընկերությունը չի էլ առարկել դրա դեմ: Անցնող տարվա հունիսի 19-ի վճռով դատարանը սնանկ է ճանաչել ընկերությանը:
Բազում պարտավորություններ կուտակելով` Արթուր Հարությունյանը, սակայն, շարունակել է շահագործել 63 համարի երթուղին: Թե ինչպես է դա թույլատրել Երեւանի քաղաքապետարանը, մնում է անհայտ, գրում է «Հետքը»՝ այլ մանրամասներ ներկայացնելով:
Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։
Ժամը 23.56-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կա երկու զոհ, որոնց ինքնությունը չի հաղորդվում։
Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:





























