Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին պայթած թիվ 63 երթուղու ավտոբուսի գիծը սպասարկել է «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ն, այն տեխնիկական անսարքություն չի ունեցել: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նրա խոսքով, պայթյունի պատճառներն այլ են, որոնք այս պահին ճշտվում են: «Դեռ ոչինչ չեմ կարող ասել, տեխնիկական անսարքության հետ ոչ մի կապ չունեցող դեպք է»,-ասաց նա:

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կան 2 զոհ, որոնց ինքնությունը ճշտվում է: 

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության: