Թուրքիան մտադիր չէ փոխել հակաահաբեկչական օրենքները՝ իր քաղաքացիների վիզային ռեժիմը չեղարկելու փոխարեն, ինչպես դա պահանջում է Եվրամիությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք կգնանք մեր ճանապարհով, իսկ դուք՝ ձեր ճանապարհով»,- հայտարարել է Էրդողանը: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BBC-ն:
ԵՄ-ն պահանջում է, որպեսզի Թուրքիան նեղացնի ահաբեկչական գործունեության լայն սահմանումները, որպեսզի դրանք համապատասխանեն եվրոպական չափանիշներին:
Սակայն Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչությունների լուրջ սպառնալիքի պատճառով իր երկիրն այդ պայմանը չի կատարի: Նա գործող խիստ օրենքներն անհրաժեշտ է համարում՝ Թուրքիայում քուրդ ապստամբների եւ ջիհադականների խմբերի դեմ պայքարելու համար:
Սակայն Էրդողանի քննադատները կարծում են, որ նա այդ խիստ օրենքներն օգտագործում է իր քաղաքական ընդդիմախոսների, ինչպես նաեւ ընդդիմադիր լրագրողների դեմ պայքարի համար: