«Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը թոքերի ինֆարկտ է ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը։
«Վահան Շիրխանյանի մոտ նորից գրանցվել է թոքերի ինֆարկտ՝ թոքային զարկերակի թրոմբէմբոլիա»,- ասաց Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանական կողմն արդեն հետազոտության փաստաթղթերն ուղարկել է Միքայելյանի անվան բժշկական կենտրոն՝ պարզելու արդյոք նորից հետազոտման կարիք կա, թե ոչ. «Դրական պատասխան ստանալու դեպքում համապատասխան դիմում կներկայացնենք վարույթն իրականացնող մարմնին կամ մեկուսարանի ղեկավարությանը՝ նրան տեղափոխելու համար»:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է: