News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել բնական գազի գնի նվազման վերաբերյալ, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի: Այդպիսով, հուլիսի 1-ից Հայաստանի բնակչության համար գազի գինը կկազմի 156-ի փոխարեն 146 դրամ՝ 1000 խմ դիմաց: Դոլարային համեմատությամբ դա ավելին է, քան 300 դոլարը: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի նվազման հայտ ներկայացրել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին երեւանյան այցի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը հայտարարեց գազի գինը Հայաստանի սահմանին 165-ից 150 դոլար իջեցնելու մասին:

Այդ հայտարարությունը Հայաստանին սիրաշահելու մի էժանագին փորձ էր, որի կարիքը Ռուսաստանի համար առաջացել էր քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած հասարակական տրամադրությունների հետեւանքով, երբ Հայաստանի քաղաքացիների համար այլեւս առավել քան ակնհայտ դարձավ Ադրբեջանի հետ Մոսկվայի սիրախաղի ամբողջ վտանգավորությունը:

Սրան զուգահեռ, երեւանյան այդ այցի ընթացքում Մոսկվան ու Աստանան պայմանավորվեցին հանուն Ալիեւի չեղարկել Երեւանում ապրիլի 8-ին կայանալիք ԵՏՄ վարչապետների հավաքը:

Ահա, նմանօրինակ հարվածներից հետո Ռուսաստանը որոշեց մի փոքր սփոփել եւ վերջապես բավարարել գազի գինն իջեցնելու Հայաստանի իշխանությունների՝ դեռեւս ամիսներ առաջ արված խնդրանքը: Եվ ահա, դրա հանգույն էլ գազի գինը մի փոքր իջեցնելու հայտ ներկայացրեց «Գազպրոմ Արմենիան», որն էլ բավարարվեց:

Ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում ունենք այն, որ Հայաստանը գազը սահմանին ստանում է 150 դոլարով, իսկ հասցնում բնակարաններ՝ 300 դոլարով: Կա՞ աշխարհում այդպիսի մի երկիր, այն էլ՝ ընդամենը մի բուռ տարածքով, որ գազի գինը երկրի ներսում աճի կրկնակի:

Մի կողմ թողնենք այն, թե իրականում ինչքան պետք է լիներ գազի գինը սահմանին, որպես թե ԵՏՄ՝ այսպես կոչված անդամ եւ որպես ՌԴ՝ այսպես կոչված դաշնակից: Հայաստանի սահմանից մինչեւ քաղաքացու բնակարան գազի գինն աճում է կրկնակի: Ընդ որում՝ այդ մատակարարումն անում է «Գազպրոմ Արմենիան», որը, ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի, արդեն ունի գազի օրինական մենաշնորհ, այն էլ՝ տարիներ շարունակ, եւ այն էլ՝ պարզապես Հայաստանի համար կապիտուլյացիոն մի պայմանագրով, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին եւ վավերացվել դեկտեմբերի 22-ին:

Այսպիսով, «Գազպրոմը» գազը բերում է Հայաստան, եւ «Գազպրոմը» Հայաստանում գազը բաշխում է ըստ իր հայեցողության, եւ Հայաստանը պարտավորված է գնել միայն «Գազպրոմի» գազը:

Ահա այս իրողության պայմաններում այլեւս վերանում է սահմանի գին հասկացությունը: Կա մի գին՝ բնակչին մատակարարվող գինը: Եվ ըստ այդմ՝ Հայաստանում գազի գինն արժե ավելի քան 300 դոլար: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին գնում է աշխարհի ամենաթանկ գազերից մեկը՝ ենթարկվելով աշխարհում ամենաէժան քարոզչական մանիպուլյացիաներին, թե գազն էժանանում է:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ Իրանը բազմաթիվ ակնարկներ է անում էժան գազի մասին, իսկ Հայաստանի իշխանությունն անմեղսունակորեն կրկնում է, թե Իրանը էժան գազ չի առաջարկում:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ սահմանից մինչեւ բնակարան գազը թանկանում է կրկնակի, երբ հասարակությանն այդպես էլ չի տրվում դրա որեւէ ռացիոնալ բացատրություն, իսկ իշխանությունը կամք եւ կարողություն չունի վերջ տալու այդ իրողությանը եւ հստակ, հանրության համար վստահելի գնագոյացման կարգավորիչ քաղաքականություն վարելու:

Հայաստանում իրականում գազը չէ, որ էժան է: Հայաստանում էժան է կամ պարզապես լիովին արժեզրկվել է ինքնիշխանության գաղափարը: Քանի այդ գաղափարը չի ստացել հանրային գիտակցության մեջ գերակա եւ անփոխարինելի, անզիջումային արժեք, Հայաստանի քաղաքացին շարունակելու է էժան քարոզչական մանիպուլյացիաներով սպառել աշխարհի ամենաթանկ գազերից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ