News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հունիսի 12-ին Փարիզը բաժանվել էր երեք մասի՝ նրանք ովքեր գնալու էին Թուրքիա – Խորվաթիա խաղին, նրանք ովքեր ցանկանում էին գնալ, բայց չէին կարողանում եւ նրանք, ովքեր չէին էլ ցանկանում: Ամենից մեծ խումբը երկրորդն էր: Իրականում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտը, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում ՊՍԺ-ն, տեղավորում է 50 հազար հանդիսական: Թուրքերը Ֆրանսիայում ունեն բավականին մեծ համայնք, բացի այդ շատերը ժամանել էին Թուրքիայից: Շատ են նաեւ խորվաթները: Իհարկե, նրանցից միայն մի քանի տասնյակ հազարը կկարողանային մտնել մարզադաշտ, իսկ մնացածի համար կար ֆան գոտին ու բազմաթիվ սրճարանները:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Հենց այսպես սկսվեց իմ առաջին ճամփորդությունը դեպի «Պարկ դե Պրենս»: Մետրոյի վագոնում դեպի մարզադաշտ էին գնում թուրքական ֆեսերով թուրք երկրպագուները:

Պատմությունը հիշում է վեց ծանր պատերազմ, երբ միմյանց դեմ կռվել են Խորվաթիայի Թագավորությունն ու Օսմանյան Կայսրությունը: Դրանց արդյունքում Խորվաթիան կորցրել է իր բոլոր տարածքները Ադրիատիկ ծովի ափին: Ինձ մոտ ինտիուտիվ այնպիսի զգացողություն էր, որ խաղից առաջ կամ հետո ուժեղ ծեծկռտուքներ կարող են լինել, հատկապես, որ «Եվրո-2016»-ը դեռեւս աչքի է ընկնում ոչ թե շատ գոլերով, այլ երկրպագուների միջեւ կռիվներով: Սկզբում անգլիացիները ռուսների հետ, հետո գերմանացիներն ուկրաինացիների հետ ինչ-որ բան չկիսեցին: Եվ ինչպիսին էր իմ զարմանքը, երբ հենց մարզադաշտի առջեւ թուրք ու խորվաթ երկրպագուները իմ աչքի առջեւ սկսեցին իրար ձեռք սեղմել: Ուրեմն այսօր հանդարտ կանցնի…

Թուրքիա – Խորվաթիա խաղն ինձ հիշեցրեց մայիսին Բազելում տեղի ունեցած Լիվերպուլ – Սեվիլիա խաղը, բայց միայն երկրպագուների առումով: Սկզբում ակտիվ էին կարմիրները. երբ հնչեց Թուրքիայի օրհներգը, ինձ թվաց ամբողջ Փարիզն էր դղդրդում, իսկ հետո խաղի պատկերը թելադրեց մնացածը: Խորվաթներն իսկապես ավելի լավ հանդես եկան, ունեին ավելի հավաքված թիմ: Հիանալի խաղացին թիմի աստղեր Իվան Ռակիտիչն ու Լուկա Մոդրիչը, վերջինս դարձավ հիանալի գոլի հեղինակ եւ ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Ես էլ իմ հերթին որոշեցի այդ խաղից լուսանկար ունենալ եւ բնական է, պետք է լուսանկարվեի հայոց եռագույնով: Կողքիս հավաքված մարդիկ մոտենում եւ հարցնում էին, թե ինչ դրոշ է սա, եւ միայն ֆրանսիացիները լսելով Արմենիա, ասում էին՝ աաաաա, պարզ է:

Ի դեպ խորվաթները, որոնք մոտենում էին ինչ-որ հարցեր տալու, վերջում հարցնում էին, թե որտեղից եմ (այստեղ եթե մարզաշապիկ չունես այդ հարցը տալիս են): Երբ ասում էի՝ Արմենիա, այնպես էին ուրախանում, որ ես ակամայից սկսում էի մտածել Խորվաթիայում մեր համայնքի, պատմության նմանությունների եւ, վերջիվերջո, կրկին Քարդաշյանի մասին:

Սսեմ, որ Թուրքիա - Խորվաթիա խաղը մեկնաբանում էր մեր հայրենակից Նոբել Առուստամյանը: Խաղն ավարտվեց խորվաթների հաղթանակով՝ նվազագույն հաշվով: Բոլորը խելոք ու հանգիստ գնացին դեպի մետրո: Ոստիկանությունն անգամ մետրոյի մուտք էր շատ ճիշտ կերպով համակարգում:

Մի քանի խոսք կցանկանայի ասել «Պարկ դե Պրենսի» մասին: Դիրքով այն ավելի լավ տեղում է քան «Ստադ դե Ֆրանսը» եւ ավելի հին է: Կարելի ասել՝ լավ հնացած: Ես կյանքումս երրորդ անգամ էի տեսնում, որ մեդիա կենտրոնից դեպի լրագրողական տրիբունա գնալը այդքան երկար ճանապարհ կպահանջի: Առաջին անգամ տեսել էի Երեւանի Հանրապետական մարզադաշտում, որտեղ մեդիա կենտրոնը անգամ այլ տրիբունայում է, երկրորդ անգամ Նեապոլի «Սան Պաուլո» մարզադաշտում, որտեղ խառը գոտին, մեդիա կենտրոնը ու տրիբունան կարծես հատուկ իրարից մաքսիմալ հեռու էին եւ ահա «Պարկ դե Պրենսը» հավասարվեց նրանց: Երեւի բոլոր հին մարզադաշտերը ունեն այս խնդիրը:

Խաղից հետո սկսվեց ուժեղ անձրեւ, որը տեւեց գրեթե ամբողջ օր: Իսկ մինչ այդ մեկ օր առաջ ես գովում էի Փարիզի եղանակը:

Փարիզի կենտրոնի բոլոր սրճարանները լցված էին երկրպագուներով: Ամենից շատ տեսնում էի իռլանդացիներին: Նրանք ամենուր են՝ մետրոյում, սրճարաններում, Շանզ-Էլիզեում: Հիմնականում առավոտից արդեն հարբած են: Հետո շվեդներն են, եւ դա զարմանալի չէ: Այս երկու թիմերն այսօր խաղալու են «Ստադ դե Ֆրանսում»:

Իսկ մինչ այդ տեսեք, թե որ երկրպագուները ինչպես են զվարճանում:

Խորվաթները տոնում են հաղթանակը սրճարաններում:

Թուրքերը գնում են դեպի Էյֆելյան աշտարակ: Գուցե ցանկանում են նետվել այնտեղից:

Իռլանդացիները ինչ ասես չեն անում:

Ուկրաինացիները չգիտեմ ինչ են անում:

Ալբանացիները բարձրացել են աշտարակի վրա ու իրենց դրոշն են ծածանում:

Ես էլ սրճարանում նստած սպասում եմ, որ անձրեւը կտրվի: Ու այդ պահին մի խելագար գալիս, սկսում է գոռգոռալ ու այդքան մարդու միջից նստում հենց իմ սեղանին: Սրճարանի աշխատակիցները խնդրանքս լսելով, մոտ տասը րոպե խնդրում են, որ նա հեռանա, հետո ոստիկանությունն է գալիս խնդրում: Ես մտածում եմ՝ Երեւանում լիներ, տեղում ձեռքերից բռնած քարշ տալով կտանեին, իսկ այստեղ խնդրում են…

Նա գնաց, անձրեւ չգնաց, ես էլ որոշեցի զբոսնել անձրեւոտ Շանզ-Էլիզեով: Ինչպես երգում էր Ժո Դասենը, անգամ անձրեւին այստեղ ինչ ուզես կա: Եվ իրոք, անգամ անձրեւին այս փողոցը հիշեցնում է քեզ, որ դու գտնվում ես աշխարհի գեղեցկագույն քաղաքում, որտեղ անցնում է ֆուտբոլի մրցաշար:

Մրցաշարի սկսվելուց ի վեր ինձ հետաքրքրում էր, թե ուր է Զինեդին Զիդանը: Արդյոք Չեմպիոնների լիգան հաղթելը այդքան երկար է տեւում: Ջորկաեֆը, Դեսային, Լիզարազյուն, Կարամբեն բոլորը հայտնվում են հեռուստաալիքների եթերում, իսկ նա չկա: Եվ ահա մենք նրան գտանք:

Պարզվում է Զիդանը կյանքում առաջին անգամ գնացել է Հնդկաստան: Բոլորը դեպի Ֆրանսիա, իսկ նա դեպի Արեւելք:

Երեկոյան Նիսում Լեհաստանը հաղթեց Հյուսիսային Իռլանդիային, իսկ Լիլ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիա – Ուկրաինա խաղը: Այն նույնպես չուրախացրեց իր գեղեցկությամբ, բայց ինչպես պատմում է Instagram-ը խաղին պետք էր գնալ:

Եվ վերջում բոլորը սպասում էին, թե որ դրոշի գույներով է զարդարվելու այսօր Էյֆելյան աշտարակը: Ինչպես գիտեք ամեն երեկո վերջին խաղից տասը րոպե հետո Էյֆելը ներկվում է այն երկրի դրոշի գույներով, որի երկրպագուները առավել ակտիվ են եղել twiter-ում: Երեկ ակտիվ էին թուրքերը: Աշտարակը կարմիր էր՝ լիալուսնով ու աստղով:

Ավելացնեմ, որ ցանկացած ոք կարող է նպաստել աշտարակի գույների ընտրությանը: Պարզապես պետք է հեշթեգերով, երկրի առաջին տառերով գրություններ անել սոցիալական ցանցում: Եկեք չմոռանանք Իսլանդիային…

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ