Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին զարմացնում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի շուրջ քննարկումները, երբ որ 4+4+4 ձեւաչափով համաձայնություն է ձեռք բերվել:
«Որոշ մարդիկ փորձում են Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել: Այ ձեր ցավը տանեմ, նստել եք, քննարկել եք, համաձայնություն ստորագրել, փակագծում գրված է՝ կոն- սեն- սուս, հայտարարություն արել: Հիմա էստեղից մեկն ասում ա՝ կոնսենսուս չկա, հիմա չգիտեմ՝ լամ, թե խնդա: Հիմա ուզում եք ցույց տալ՝ ավելի ընդդիմադիր եք, շոգ ա, մարդիկ ոչ մեկիդ հավեսը չունեն, մարդիկ գիտեն՝ ով ա ընդդիմադիր, ով ում հետ ինչ ա անում»,- այսօր՝ հունիսի 27-ին, նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով դոնոր կազմակերպություններին դիմելու դեմ ուղղված քննադատություններին, Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ միջազգայնորեն ընդունված պրակտիկա է սա. «Ինչի՞ եք զարմանում, միջազգային կազմակերպությունները, դոնոր կառույցները նոր անկախացած պետություններին, ժողովրդավարության ուղին բռնած բոլոր պետություններին աջակցում են: Պետության որոշումն է ընդունել այդ աջակցությունը, թե չէ: Հիմա կպել եք դոնոր կազմակերպություններից, ի՞նչ եք ուզում, հենց նոր ստեղծվեցին ու իջան այս դահլիճ, քննարկո՞ւմ եք»:
ՀՀԿ-ական պատգամավորը հորդորեց գործընկերներին հեգնական ելույթներ չունենալ, քանի որ ներկաները գիտեն բոլորին, թե ով ինչ օդ է շնչում:
«Մի արեք էդ բաները, էլի, փոխեք ձեզ էլի»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխվում են այն դրույթները, որոնց վերաբերյալ ՀԱԿ-ը պահանջներ էր ներկայացրել իշխանությանը։ Հունիսի կեսերին վերսկսված 4+4+4 ձեւաչափով քննարկման ժամանակ իշխանությունը ներկայացրել էր կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց՝ ՀԱԿ-ի հինգ պահանջներից 4-ը ընդունվել էր, ինչի շուրջ կողմերը եկել են կոնսենսուսի։ Ըստ ձեւակերպման՝ ոչ թե Ընտրական օրենսգրքի շուրջ են կողմերը եկել կոնսենսուսի, այլ վերահսկողական մեխանիզմների։ Նախկինում հայտարարվել էր, որ եթե կողմերը այս փոփոխությունների շուրջ կոնսենսուսի գան, արտահերթ նիստով դրանք ընդգրկվելու են Ընտրական օրենսգրքում։
Հիշեցնենք, որ այս կոնսենսուսը միտված էր միջազգային կառույցներից վերահսկողական մեխանիզմների գործադրման համար ֆինանսական աջակցություն ստանալուն։ Սակայն հիմա պարզվում է՝ նախկինում շրջանառված 15 միլիոն դոլարից 10 միլիոնն են տրամադրելու, իսկ իշխանությունը չի պատրաստվում բացը լրացնել։