News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Անցած գիշերը Խորենացի փողոցում ամենալարվածն էր: Ամեն օրվա պես ժամը 18:30-ից ցուցարարները ՊՊԾ գնդի տարածքում էին՝ այս կերպ իրենց աջակցությունը հայտնելով զինված խմբին: Ժամը 21:30-ի սահմաններում իրավիճակը սրվեց, երբ ցուցարարների շրջանում տեղեկություններ տարածվեցին, թե «Սասնա ծռեր» խմբի անդամներն առանց սննդի են մնացել: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոստացավ Սարի թաղից վերադառնալուն պես բանակցել ոստիկանների հետ եւ սնունդ հասցնել զինված խմբին: Ցուցարարները սակայն չսպասեցին եւ հարձակվեցին ոստիկանների վրա՝ քարեր եւ ապակյա շշեր նետելով նրանց ուղղությամբ: «Մարտի 1»-ից հետո առաջին անգամ ոստիկանությունն աղմկարար նռնակներ եւ արցունքաբեր գազ օգտագործեց:

Մի քանի րոպեից քաղաքացիները կրկին վերադարձան եւ բարիկադներ կառուցեցին, փակվեց նաեւ Տիգրան Մեծ պողոտան: Մի քանի ժամ սպասելուց հետո ոստիկանությունը ժամանակ տվեց ցուցարարներին՝ ճանապարհը բացելու համար: Ցուցարարները չկատարեցին պահանջը եւ ոստիկանությունը մեկ գիշերվա ընթացքում երկրորդ անգամ ցրեց ցույցը՝ բռնությամբ բերման ենթարկելով այնտեղ մնացած գրեթե բոլոր քաղաքացիներին, այդ թվում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներին: Բռնության ենթարկվեցին նաեւ տեղում աշխատող լրագրողներ: Հաշվված րոպեների ընթացքում Խորենացի, Նար- Դոս փողոցներում եւ Տիգրան Մեծ պողոտայում ցուցարար չմնաց: Դրանից հետո էլ փողոցը դեռ մի քանի ժամ փակ մնաց. այնտեղ քննչական գործողություններ իրականացվեցին:

Առավոտյան ոստիկանությունը հաղորդեց, որ բերման է ենթարկվել 136 ցուցարար: Գիշերը տեղի ունեցածը Քննչական կոմիտեն որակեց զանգվածային անկարգություն: Դեպքի առթիվ քրգործ հարուցվեց, բերման ենթարկվածներից 16-ը ձերբակալվեց:

Գիշերը տեղի ունեցած բախումների հետեւանքով 51 տուժած է դիմել մայրաքաղաքի հիվանդանոցներ: Նրանցից 28-ը ոստիկաններ են: Տուժածներից 34-ը հոսպիտալացվել է: Տուժածները հիմնականում ստացել են քերծվածքներ, սալջարդեր, գազից թունավորումներ: Մի քանիսը վնասվածքներ են ստացել գլխի շրջանում:

Օրվա ընթացքում շատերը դուրս են գրվել: Այս պահի դրությամբ հիվանդանոցներում են գտնվում 11 տուժած, նրանցից 4-ը ոստիկաններ են: Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց ավելի քան 100 ժամ անց վերջապես իրադարձություններին գնահատական տվեց իշխանության ներկայացուցիչը: Կառավարության նիստի հենց սկզբում Հովիկ Աբրահամյանը մեկնաբանեց զինված խմբի հարձակումից հետո երկրում առաջացած իրավիճակը

Վարչապետը նշեց, որ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների, ավելին, կատարվող իրադարձությունները վտանգավոր են եւ անհեռանկար: Գործադիր մարմնի ղեկավարը նաեւ ցավակցեց հարձակման հետեւանքով սպանված գնդապետի հարազատներին եւ ընկերներին:

Նիստից հետո էլ լրագրողները փորձեցին մեկնաբանություններ ստանալ Կառավարության մյուս ներկայացուցիչներից: Նախարարներից միայն Արծվիկ Մինասյանն ու Արմեն Մուրադյանը դուրս եկան այնտեղով, որտեղ լրագրողներն էին կանգնած:

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած բախումներին՝ դաշնակցական նախարարը բարձր գնահատեց ոստիկանության հանդուրժողականության մակարդակը՝  չբացառելով, որ առանձին դրվագներում եղել են ոչ իրավաչափ վարքագիծ եւ ոչ համաչափ դրսեւորում:

Առողջապահության նախարարն էլ լրագրողներին հավաստիացրեց, որ եթե բուժօգնության անհրաժեշտություն լինի, բժիշկներն անարգել կմտնեն ՊՊԾ գնդի տարածք: Նշենք, որ երեկվանից տեղեկություններ են շրջանառվում, թե զինված խմբի անդամները մնացել են առանց սննդի եւ դեղորայքի

Կեսօրին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ զինված խմբի անդամների հետ բանակցություններին մասնակցում են արցախցի պատգամավոր Վիտալի Բալասանյանն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Թե ինչ են քննարկել, հայտնի չէ:

Հայաստանյան իրադարձություններին այսօր արձագանքել է նաեւ միջազգային հանրությունը: Եվրոպական միության պատվիրակությունը՝ Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում»

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ հերթին հույս է հայտնել, որ Երեւանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կհանգուցալուծվեն արագ եւ խաղաղ

Ի տարբերություն գործընկերների, պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ դատապարտում է Երեւանում ոստիկանության շենքի զինված գրավումը ու աջակցում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին:

«Հույս ունենք, որ դրանք թույլ կտան ամենամոտ ժամանակներում հանգուցալուծել իրավիճակը, ազատ արձակել պատանդներին, միջադեպի սպառիչ հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Վրաստանում նախօրեին Հայաստանի քաղաքացի է խեղդվել: Մովսես Առաքելյանը խեղդվել է Աջարիայում: 40-ամյա տղամարդը Երեւանի բնակիչ էր, Վրաստան էր մեկնել ընտանիքի հետ հանգստանալու նպատակով:

Նրա մարմինը դեռ չեն տեղափոխել Հայաստան:

Նախօրեին կրակոցներ են հնչել Մալաթիա- Սեբաստիա համայնքում գտնվող հացատներից մեկում, երկու տղամարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, վիճաբանության ժամանակ Ռոբերտ Ավետիսյանը կրակել է 50-ամյա Ռուբեն Կոստանյանի ուղղությամբ եւ վիրավորել նրան: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել վնասազերծել Ավետիսյանին՝ կրակելով նրա ոտքին, քանի որ տղամարդը շարունակել է կրակել: Լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուբեն Կոստանյանը գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ ընկերն է:

Կատարվում է քննություն:

Դոլարն ու ռուբլին աննշան էժանացել են, իսկ եվրո ու ֆունտը՝ հակառակը՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.45, եվրոյինը՝ 524, ֆունտինը՝ 628 դրամ: 

Երեւանում հուլիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, իսկ վաղը ցերեկը՝ +37+39 աստիճան տաքություն։  Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը դարձյալ  նորմայից բարձր կլինի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ