News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 30
Տեսնել լրահոսը


Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում, ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանցի զինծառայողները շրջափակել եւ գերեվարել են վեց հայ զինծառայողի։ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է պայմանագրային զինծառայողների անունները եւ հավաստիացրել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։   

Տեղի ունեցածի մասին լրագրողներին մանրամասներ է ներկայացրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը: Նա քարտեզի վրա ցույց է տվել, թե որտեղից են գերեվարվել հայ զինծառայողները, բացատրել՝ թե ինչ հանգամանքներում:

Ասրյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցիների թիվը չի գերազանցում 1000-ը։ Ըստ նրա՝ ադրբեջանցի զինվորականները երեք կողմից շրջափակման մեջ են, ունեն մեկ մատակարարման ուղի թիկունքից: Գեներալը հերքել է լուրերը, թե քաղաքական ղեկավարությունը բանակին չկրակելու հրաման է տվել:  

Օրվա երկրորդ կեսին՝ գործադիրի նիստից հետո Փաշինյանը մեկնել է Կութ գյուղ, հանդիպել բնակիչներին:   

 Գեղարքունիքից վերադառնալիս Փաշինյանը ավտոմեքենայից լայվ է մտել, ասել, որ դրությունը պայթյունավտագ է, որոշ տեղերում հայ եւ ադրբեջանցի զինծառայողներն այնքան մոտ են իրար, որ իրար են հյուսվել: Ավելի ուշ կառավարության ղեկավարը Ֆեյսբուքի իր էջից հեռացրել է զինծառայողների հյուսվելու մասին հատվածը:   

Երեւան հասնելուն պես Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ ներկայացրել է իրավիճակի դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման իր առաջարկը՝ ուղղված միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին: Ըստ Փաշինյանի՝ եթե իրավիճակը չհանգուցալուծվի, ապա այն կվերածվի լայնածավալ բախման, եւ դրանից խուսափելու համար էլ ինքն առաջարկում է, որ երկու կողմերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից, ապա այնտեղ՝ Սոթքից մինչև Խոզնավար ընկած հատվածում, միջազգային դիտորդեն տեղակայվեն:   

Այս հայտարարությունից ժամեր անց հրաժարական տվեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նրա հրաժարականն անսպասելի չէր, քանի որ մի քանի օր է՝ մամուլը գրում էր, որ նա անհամաձայնություն ունի Փաշինյանի հետ եւ հավանություն չի տվել սահամանզատման հանձնաժողով ստեղծելու մասին այն փաստաթղթին, որը Փաշինյանն ասել էր՝ կստորագրի, եթե Ադրբեջանը համաձայնի լքել Հայաստանի սահմանները:   

Իսկ Առավոտյան իրավիճակը մեկնաբանել են իշխող ուժի պատգամավորները: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կատարվածի պատասխանատվության սլաքներն ուղղել է դեպի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն։   

Մինչ իշխանություն ներկայացուցիչները փորձում էին մեր սահմանների անվտանգության պատասխանատվությունն ամբողջությամբ դնել Ռուսաստանի վրա, ընդդիմադիրները կարծիք էին հայտնում, որ կատարվածի համար նախ եւ առաջ պետք է պատասպանատվություն կրի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է՝ Դավթյանը պատշաճ չի կատարում իր աշխատանքը, նա պետք է բացատրի՝ ինչ է տեղի ունենում, ինչու հայկական կողմը համաչափ քայլեր չի ձեռնարկում ։ Սինքրոն -   

Սահմանների իրավիճակին է անդրադարձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ գյուղոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա ասել է, որ իր կարծիքով՝ ներկա իշխանությունները ժամ առաջ պետք է հեռանան եւ նրանց փոխարեն գան մարդիկ, որոնք ի վիճակի են հարցին լուծում տալ:   

Ընդդիմադիր ճակատից իրավիճակը մեկնաբանել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը: Նա 6 հայ զինծառայողների գերեվարումը կապել է Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ-ում արած հայտարարությունների հետ։ «Նա ուղղակի մեղադրեց Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի համար, եւ Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերությունների մեջ կա ճեղք, խնդիր, օգտվեց առիթից, գերեվարեց հայ զինծառայողներին, որ այդ ճեղքն ավելի խորացնի։ Ես բանաձեւել եմ՝ Նիկոլ Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ։ Ցավոք, այդ բանաձեւը գործում է մինչեւ օրս»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր առավոտյան մեկնել է Մոսկվա։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ նա գտնվում է շատ կարեւոր գործուղման մեջ Մոսկվայում մեր ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում:

Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ ռուս սահմանապահներին հող կհատկացնի Հայաստանի հարավում. պետությունը կընդունի Կապան, Մեղրի եւ Տեղ համայնքների նվիրած հողամասերը եւ իր սեփականությունը հանդիսացող այլ հողամասերի հետ միասին պաշտպանական նպատակներով եւ անհատույց օգտագործման իրավունքով կհատկացնի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Գործադիրը Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատել է Մեսրոպ Մեսրոպյանին, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում ընտրվել է Ահարոն Սահակյանը: Մեսրոպյանը հասցրել է պաշտոնավարել 7 ամիս:   

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մեսրոպ Մեսրոպյանն ասել է՝ նախընտրական շրջանում քաղաքական շահարկումներից խուսափելու համար պարզաբանումներ կներկայացնի ընտրություններից հետո, միայն խոստովանել է, որ անհամաձայնություն է ունեցել նաեւ Սուրեն Պապիկյանի հետ:   

Առանց արկածների չի անցելքաղաքական ուժերի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու գործընթացը: Ցուցակում Լեւոն Շիրինյանի ղեկավարած Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության անունը երկու անգամ է հանդիպում. մեկը՝ որպես առանձին կուսակցություն, մյուսը՝ Արման Բաբաջանյանի հետ դաշինքով։ NEWS.am-ի հետ զրույցում Շիրինյանը որոշակի պարզաբանում չի տվել, իսկ մամուլը գրել է, որ Բաբաջանյանի ու Շիրինյանի միջեւ սուր կոնֆլիկտ է եղել, Շիրինյանը որոշել է՝ իր ղեկավարած կուսակցությունով միայնակ մասնակցել ընտրություններին եւ ԿԸՀ է ներկայացրել 47 թեկնածուներից կազմված ընտրացուցակ: Բաբաջանյանը համոզել է, որ այդ ճանապարհով ընդհանրապես ձայն չի հավաքի, զույգը հաշտվել է եւ նախապես ծրագրվածով՝ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ԿԸՀ է ներկայացրել արդեն 100 հոգանոց ընտրացուցակ։   

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222409-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 5495 է:   

ԱՄՆ դոլարի փոխարժեքը, նախորդ օրվա համեմատ աճելով 0.10 դրամով, հասել է 520.78 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.38 դրամով ու կազմել 635.04 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.25 դրամով ու կազմել 735.45 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 7.09 դրամ:   

Մայիսի 28-ին կեսօրից հետո երկրի առանձին շրջաններում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը նորից կբարձրանա: Երեւանում տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կլինի 14-16, վաղը ցերեկը 30-32 աստիճան զրոյից բարձր:   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 21․05․2021
Ողբերգական վթարի հետևանքով ժամկետային զինծառայող է մահացել․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 20․05․2021
Արդեն իններորդ օրն է Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները չեն հեռանում Սյունիքից ու Գեղարքունիքից...