News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր նստավայրում ընդունելով պաշտոնական այցով Երեւանում գտնվող Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկին, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ, հույս է հայտնել, որ Սլովենիայի նախագահի առաջին այս այցելությունը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության ընդլայնման խթան կհանդիսանա:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

«Մենք շատ ընդհանրություններ ունենք` համադրելի ենք բնակչությամբ, տարածքով, նույնիսկ ճակատագրով` նման ենք: Եւ սա, կարծում եմ, լավ հիմք է, որպեսզի մենք զարգացնենք եւ ամրապնդենք մեր հարաբերությունները»,-ասել է ՀՀ նախագահը, հավելելով, որ Սլովենիայի զարգացման օրինակը Հայաստանի համար ուսանելի է:

Նախագահ Դանիլո Թյիրկն իր հերթին հավաստիացրել է, որ իր երկրում մեծ հիացմունքով են վերաբերվում հայ ժողովրդին եւ նրա բազմադարյա պատմությանը. Անդրադառնալով այս տարեսկզբին Լյուբլյանայում կայացած հայ մշակույթի փառատոնին եւ այն համարելով Սլովենիայում վերջին շրջանի ամենատպավորիչ մշակութային իրադարձություններից մեկը` Դանիլո Թյիրկը նշել է, որ փառատոնի շրջանակներում իրեն հնարավորություն ընձեռվեց բացահայտել հայ ավանդական ու ժամանակակից մշակույթի խորությունը. «Մենք ապագա համագործակցության տեսանկյունից, ի թիվս այլ ոլորտների, կարեւորում ենք հատկապես մշակույթի բնագավառում փոխգործակցությունը: Մինչ Հայաստան գալն ընթերցում էի մի գիրք Հայաստանի մասին, որը Ցվետկո Զագորսկի անունով սլովենացի հեղինակն է գրել: Մի հիանալի գիրք, որ նա գրել է ձեր մեծ գրողի` Թումանյանի մասին, եւ որից ես շատ տպավորված եմ»,-ասել է  Սլովենիայի նախագահը:

Ընդլյանված կազմով հանդիպմանը հաջորդել է երկու երկրների կառավարությունների միջեւ փաստաթղթերի ստորագրման արարողությունը. Սլովենիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները համաձայնագրեր են ստորագրել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու, տնտեսական համագործակցության, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին, իսկ ՀՀ մշակույթի նախարարը Սլովենիայի արտգործնախարարի հետ ստորագրել է կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը, հայ-սլովենական մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը մեծապես նպաստելու, հայ մշակույթը Սլովենիայում լայնորեն ներկայացնելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Միտյա Ռոտովնիկին պարգեւատրել է Մովսես Խորենացու մեդալով:

Այնուհետեւ նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ