Շիրակի մարզի Արթիկ համայնքում ընտրապայքարը ուշագրավ ընթացք է ստանում։ Իշխանությունը սատարում է նախկին ԲՀԿ–ականին, իսկ ԲՀԿ–ի ցուցակը հնարավոր է՝ գլխավորի իշխող կուսակցության ներկայացուցիչը։
NEWS.am–ի տեղեկություններով՝ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը, որը Արթիկի նախկին քաղաքապետ ՀՀԿ–ական Խաչատուր Վարագյանի եղբայրն է, առաջարկել է լինել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն, որի շուրջ կուսակցությունում դեռեւս վերջնական համաձայնություն չկա։ ԲՀԿ ղեկավարը NEWS.am–ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ նշելով, որ Մխիթար Վարագյանի հետ իր գործընկերները որոշակի քննարկումներ ունեցել են, սակայն դեռ վերջնական որոշում չկա, այն կհրապարակվի առաջիկայում։
«Թույլ տվեք այս պահին Ձեր հարցին չպատասխանել, մեկ բան հստակ է՝ «Հանրապետական» կուսակցության որեւէ անդամի, բնականաբար, մենք չենք կարող առաջադրել կամ պաշտպանել, իսկ Մխիթար Վարագյանի հետ որոշակի քննարկումներ իմ գործընկերները ունեցել են, անձամբ ես՝ ոչ, ավելին չեմ կարող հիմա ասել։ Արթիկի հետ կապված վերջնական որոշումը կլինի առաջիկայում»։
Նշենք, որ Արթիկում առաջադրվելու է Աժ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մուշեղ Պետոյանը, որին սատարելու է ՀՀԿ–ն։ Վերջինս ԲՀԿ–ն լքել էր Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հայտնի փետրվարյան դեպքերից հետո։
Վարագյանը եւ Պետոյանը հին քաղաքական հակառակորդներ են։ Այս տարածքում թե քաղաքապետի, թե խորհրդարանական ընտրություններում նրանք պայքարի մեջ են դեռեւս նախորդ ընտրություններից։