«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի նախկին փաստաբան Արայիկ Պապիկյանը փորձել է նրան համոզել հրաժարվել փաստաբաններ Հայարփի Սարգսյանից եւ Արա Ղարագյոզյանից` պատճառաբանելով, որ իշխանամետ փաստաբաններ են: Այս մասին այսօր` օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հովհաննես Հարությունյանն հրաժարվեց Արայիկ Պապիկյանից:
«Բացի Հովհաննեսից, ես նաեւ Աշոտ Պետրոսյանի պաշտպանն եմ, նրան նույնպես Արայիկ Պապիկյանն ասել էր, թե ես իշխանությունների փաստաբանն եմ, նրանք են ինձ ֆինանսավորում եւ հորդորել էր հրաժարվել ինձնից: Հովհաննեսին էլ շուրջ երեք ժամ համոզել էր, որպեսզի հրաժարվի ինձնից, բայց Հովհաննեսը տեսել է իմ պաշտպանությունը եւ նա ասել էր` նույն բանը կարող եմ մտածել քո մասին եւ հրաժարվել է Արայիկ Պապիկյանից: Նա փաստաբան լինելով, շատ լավ հասկանում է, որ վարքագծի կանոններից դուրս է, երբ զրպարտում է ինձ ու Արա Ղարագյոզյանին, եւ մեր պաշտպանյալի ներկայությամբ բողոքում է մեզնից»: