Եմենում շարունակվող զինված հակամարտության հետեւանքով ավելի քան 10 հազար մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է այդ երկրում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման հարցերով վարչության ներկայացուցիչ Ջեյմի Մաքգոլդրիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, որը մեջբերում է Reuters գործակալությունը, նոր տվյալների հիմքում Եմենի բուժհաստատություններից ստացված տեղեկություններն են: Մաքգոլդրիկը միաժամանակ շեշտել է, որ իրականում այդ թիվը կարող է ավելի բարձր լինել, քանի որ երկրի շատ շրջաններում չկան հիվանդանոցներ, իսկ զոհերի ազգականները հաճախ հուղարկավորությունը կազմակերպում են առանց իշխանություններին տեղեկացնելու:
Եմենի իշխանությունների ու շիա խռովարար հուսիտների միջեւ դիմակայությունը ակտիվացել է 2014-ի օգոստոսին: 2015-ի հունվարին խռովարարները գրավել էին Սանան, իսկ առավել ակտիվ փուլ հակամարտությունը մտել էր, երբ 2015-ի մարտին դրան միջամտել են Սաուդյան Արաբիան ու դրա տարածաշրջանային դաշնակիցները: Ավելի վաղ ՄԱԿ-ի զեկույցներում նշված էր հակամարտության ավելի քան 6 հազար զոհերի մասին: