News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երբ մեր թիմը կհաղթանակի 2017-ի ընտրություններում, թիմը կնստի կորոշի, թե ով պետք է լինի, իսկ էնպես վարչապետը մեկն է լինում երկրում, ինչ-որ մեկը պիտի լինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով, որեւէ երեւույթ տվյալ պետության ներսում մեկ անձով, 10-15 անձով առաջ չի գնում, նաեւ հասարակությունը պիտի մասնակցի: «Կարեն Կարապետյանը եւ ընդդիմության, եւ իշխանության, եւ հասարակության աջակցության կարիքն ունի, նրա ամբողջական ներկայացրած ծրագրից բխում էր, որ ինքը որպես նախաձեռնող առջեւում գնում է, մնացածները պիտի կարողանան օժանդակել: Որեւէ երեւույթ տվյալ պետության ներսում մեկ անձով, 10-15 անձով առաջ չի գնում, նաեւ հասարակությունը պիտի մասնակցի: Կարծում եմ՝ առաջիկայում արդյունքներ նաեւ կտեսնենք»:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ցանկացած անձ կարող է ներկրել ու արտահանել ինչ ցանկանա, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր բոլոր խնդիրն այս տարիներին հենց դա է եղել: Մշտապես մտածել ենք, այնպես անել, որ բոլոր մարդիկ, որոնք ուզում են ներմուծել, արտահանել, կարողանան այդ խնդիրը լուծել: Այդ իմաստով, շատ շուտով բավականին լուրջ դերակատարում կունենա նաեւ կառավարությունը»:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, որը նախատեսված է 6 ամսվա համար, Գալուստ Սահակյանն ասաց. «Արագ կատարվող գործողություններ, որոնք այս պահին անհրաժեշտ են, բնական է, նախագծում կա: Ինչո՞ւ ենք ասում 6 ամիս: Իհարկե, շատերը հավատում են այդ 6 ամսին, ես օրինակ շատ մեծ ակնկալիքներ ունեմ ապագայի նկատմամբ: 2017 թվականին ԱԺ ընտրություններն են, եւ եթե ՀՀԿ-ն էլի առաջին դերում լինի, կարծում եմ, այնպիսի ծրագիր է, որ հնարավոր է ավելի բազմացնել, ավելի մոտեցումներ ձեւավորել, որպեսզի ապագան ավելի հնարավոր լինի մեր ազգի, մեր ժողովրդի համար»:

Հարցին, թե 2017-ից հետո կրկին վարչապետը Կարեն Կարապետյա՞նն է լինելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա մենակ պարոն Սահակյանն ու դուք չեք որոշում: Երբ թիմը կհաղթանակի, թիմը կնստի կորոշի, թե ով պետք է լինի, իսկ էնպես վարչապետը մեկն է լինում երկրում, ինչ-որ մեկը պիտի լինի: Իսկ ես որովհետեւ նախ ժողովրդի բարի մոտեցումները, ցանկությունները, նրա նկատմամբ ունեցած իղձերը եթե կա, ես կգնահատեի, որ ինքը շարունակական պրոցեսի մեջ լինի»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ