Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն առաջընթացից հեռու է: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցը՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ այցի նպատակը, որի շրջանակում այցելություն կատարվեց նաեւ Լեռնային Ղարաբաղ, կողմերի հետ վստահության մեխանիզմների ստեղծման, ավելի ճիշտ՝ դեսպան Կասպշիկի խմբի ընդլայնման հարցում առաջընթացի հնարավորությունների քննարկումն էր:
«Ցավոք, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ադրբեջանական կողմը, կտրականապես չհրաժարվելով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններց, քաղաքական եւ տեխնիկական բոլոր միջոցներով փորձում է ձգձգել համաձայնությունների իարականացումը: Դա նաեւ նշանակում է, որ բանակցային գործընթացն ինքնին, որը պետք է պարունակի վստահության մեխանիզմները, առաջընթացից հեռու է»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Նրա գնահատմամբ՝ իրավիճակն այնպիսին է, որ, թվում է, մինչապրիլյան ժամանակաշրջանը վերադառնում է կամ արդեն վերադարձել է: «Ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է նույնիսկ վստահության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ ձեւական առաջընթացից: Համանախագահները դա հասկանում են, բայց նրանք ունեն բանակցությունների շարունակման առաքելություն եւ նպատակ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: