News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 27-ին առաջին տպարանի պայթեցումից հետո է միայն մշակույթի նախարարությունը որոշել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի 100-ամյա պատմություն ունեցող շենքերը կհամարվեն մշակութային արժեք:

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողները Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին խնդրեցին մեկնաբանել տպարանի պայթեցման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մշակութային ժառանգություն համարվող շենքերի ցանկը ոչ մի խնդիր չի լուծում, որովհետեւ քանդողը շարունակելու է քանդել: Նոր օրենսդրական նախաձեռնությամբ ենք հանդես գալու, որի համաձայն, այն շենքը, որն ունի 100 տարվա պատմություն, համարվի մշակութային արժեք. որից հետո այդ շենքի սեփականատերը պարտավոր է այն պահպանել որպես մշակութային ժառանգություն»,- ասաց նախարարը:

Թե երբ այս օրենսդրական նախաձեռնությունն օրենք կդառնա, Արմեն Ամիրյանն ինքն էլ չգիտի, այնուամենայնիվ, նշեց, որ այսօր առավոտյան արդեն համապատասխան հանձնարարականները տվել է:

Ի դեպ, շենքը պայթեցնելու հենց հաջորդ օրը Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր հետեւյալը. «Շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ անշուշտ մենք այն կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում»:

Ըստ երեւույթին նախարարի դիրքորոշման վրա ազդել է վարչապետի խիստ հանձնարարականը: Հիշեցնենք, որ վարչապետը հոկտեմբերի 31-ին խորհրդատվություն էր հրավիրել, որի ժամանակ նշել էր, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում եւ ավելացրել. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին եւ ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ