News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի կարծիքով` իշխող կուսակցությունը ընտրություններին մասնակցում է սերնդափոխված ցուցակով: Ըստ նրա՝ այդ ցուցակում ավագ սերնդից պատահական թեկնածուներ չկան: Օրինակ,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն արժանացել է հաջորդ խորհրդարանում լինելու պատվին, քանի որ ըստ Նիկոյանի, Աժ-ում արցախյան պատերազմում հաղթանակած Հայաստանի խորհրդանիշն է, Առաքել Մովսիսյանը թեկնածուների բազմազանությունn ապահովելու նպատակով է, իսկ Սեյրան Սարոյանի  հինգ տարվա ընթացքում ունեցած երկու ելույթն արժե մնացածի հնգամյա աշխատանքը:  Պատգամավորի խոսքով՝  ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը չի գլխավորել ցուցակը՝ նաեւ վարչական ռեսուրսներն օգտագործելու մեղադրանքներից զերծ մնալու համար:  Թե ինչ տրամաբանությամբ է կազմվել իշխող կուսակցության ցուցակը, եւ որքանով այն կարող է լրացնել ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բացակայությունը, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է Սամվել Նիկոյանը:

Պարոն Նիկոյան, Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում չկան իշխանության առանցքային ներկայացուցիչները՝ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սա լա՞վ է, ՀՀԿ–ի օգտի՞ն է։ 

Քվեարկության արդյունքները ցույց կտան՝ ՀՀԿ–ի օգտին է, թե ոչ։

Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ցուցակը՝ համեմատելով 2012թ. ՀՀԿ-ի ցուցակի հետ, որը գլխավորում էր Սերժ Սարգսյանը։

Գիտեք, եթե հիշում եք՝ 2012թ. կային հսկայածավալ մեղադրանքներ պետական ռեսուրսների օգտագործման առումով, որովհետեւ երբ հանրապետության նախագահը որեւէ այցի էր գնում, անվտանգության խնդիրներից ելնելով, ուղեկցող անձանցով,  մեզ մեղադրում էին պետական ռեսուրսներն օգտագործելու մեջ: Բացեք 2012թ. մեզ ուղղված քննադատությունը եւ կտեսնեք, որ հիմնականներից մեկը պետական ռեսուրսների օգտագործումն էր, մենք փորձեցինք այս հարցով զերծ մնալ ավելորդ քննադատություններից։

Այս անգամ Սերժ Սարգսյանը չի՞ մասնակցելու քարոզարշավին։

Իսկ ինչու ոչ...

Այդ դեպքում չե՞ն հնչի նույն մեղադրանքները։

Այն չափով ու այն հարթության մեջ, որով մասնակից կլիներ, կարծում եմ՝ նման խնդիրներ չեն առաջանա։

Ի՞նչ տրամաբանությամբ է կազմվել ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։

Եթե շատ ուշադիր ուսումնասիրեք, այն հանրային պահանջը, որ կար, որ մենք կուզենայինք տեսնել նոր դեմքեր, թարմ մտքեր, մենք էլ ասում ենք՝ հանրություն, դա եք ուզում՝ թարմ մտքեր, թարմ դեմքեր, ահա խնդրեմ։ Մենք գնացել ենք դեպի հանրային պահանջի բավարարում:

Ուզում եք ասել՝ հանրությունը դա՞ էր պահանջում Հանրապետական կուսակցությունից։

Հանրությունը բազմաթիվ պահանջներ ունի եւ նաեւ պահանջներից մեկը դա էր, որ փոփոխություններ լինեն իշխանության մեջ, պետական կառավարման համակարգում, եւ ցուցակը, բնական է, որ պետք է համապատասխանեցնենք հանրության պահանջին։

Այդ դեպքում ինչո՞ւ եք տարածքային ցուցակներով առաջադրել այն դեմքերին, որոնցից հանրության շրջանում դժգոհության կա, որոնք պատգամավորական գործունեությամբ չեն զբաղվում, օրինակ՝ Առաքել Մովիսիսյանը, Սեդրակ Սարոյանը եւ այլք։

Սեդրակ Սարոյանը երկու ելույթ է ունեցել, որն արժեր մյուսների հինգ տարվա խոսելը, կարծում եմ՝ Սեդրակ Սարոյանին պետք չի նման գնահատականներ տալ։ Ըստ էության, եթե փակ ցուցակին նայենք, կուսակցության որոշումն է։ Կուսակցությունն է որոշում՝ ինչ հաջորդականություն ունենա ցուցակը։ Դուք, հանրությունը կամ լրագրողները ունե՞ն որեւիցէ խնդիր, կա՞ որեւէ քննադատություն կապված դրա հետ։

Չնայած  ասում էիք, որ  սերնդափոխություն է լինելու,  ցուցակի երկրորդ տասնյակում նույն դեմքերն են, որոնք օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվել, օրինակ, Մանվել Գրիգորյանի ներկայությունը խորհրդարանում ի՞նչ առումով է նպատակահարմար։

Մանվել Գրիգորյանի լռությունը շատ ավելի խոսուն է, քան մյուսներինը, որ ամբողջ օրը խոսեն: Նա պատերազմի հերոս է, նա հաղթանակած բանակի գեներալ է, վերջիվերջո պառլամենտը ներկայացուցչական մարմին է, նա ներկայացնում է տասնյակ հազարավոր կամավորական տղաների, որոնք գնացել կռվել են, զոհվել են, որոնք հիմա կան։ Եթե ԵԿՄ համագումարը տեսնեիք, կհասկանայիք՝ ինչու պետք է նա գտնվի այստեղ։

Այսինքն՝ սիմվոլիկ բնո՞ւյթ կրում է նրա ներկայությունը խորհրդարանում։

Խորհրդանշական բնույթ է կրում, դա մեր հաղթանակած պատերազմի խորհրդանիշն է, որը պառլամենտում պետք է լինի։ Ընդհանուր առմամբ, ասեմ հետեւյալը, նայեք աշխարհի պառլամենտներին միջին տարիքի են, ԱՄՆ–ում նախագահական մրցապայքարում  չէիք ասի, որ երիտասարդներ են։ Մեզ մոտ շատ են սիրում ուզել երիտասարդներ, ուզո՞ւմ եք՝ խնդրեմ, ահա  ցուցակի առաջին տասնյակը։ Կուսակցության պատմություն կերտում են մարդիկ իրենց կենսագրությամբ, իրենց դեմքով, յուրաքանչյուրը ունի իր դեմքը, իր կենսագրությունը, եթե որեւէ մեկը անցել է ամբողջ ճանապարհը եւ մաքուր, ազնիվ է, նա ավելի ցանկալի է, քան այն մեկը, որը երիտասարդ է ու այդ կարճ տարիքում հասցրել է մի քանի անգամ պտտվել։ Ուզում եմ ասել՝ նայեք ոչ թե տարիքին, այլ իր օգտակար գործողության գործակցին, թե որքանով է նա պիտանի;

Դուք խոսում եք համապետական ցուցակից, բայց տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներն են ապահովելու այդ ցուցակի  մուտքը խորհրդարան։ Օրինակ, ցուցակում ներկայացվածների հաղթանակը լինելու է նաեւ Առաքել Մովսիսյանի միջոցով։ Նրան պիտի ընտրեն, որ այդ քվեով ընտրվի ձեր ցուցակի, ինչպես Դուք  եք ասում, ներկայանալի դեմքը։

Մենք ներկայացրել ենք նաեւ ուսուցչուհի, գիտնական ու մշակութային գործիչ, թող նրանց ընտրեն, ինչո՞ւ եք ասում, որ պետք է Առաքել Մովսիսյանին... եթե ընտրում են Առաքել Մովսիսյանին, ասենք ՝ ժողովուրդը սխա՞լ է, պիտի ասենք՝  ճիշտ եք անում, դա է ձեր արժեհամակարգը, դա է ձեր ընտրությունը, եւ պետք է  հարգենք ժողովրդի ընտրությունը։ Դրա համար մենք լայն սպեկտոր ենք ներկայացրել՝ գիտնական, մանկավարժ, գեղեցիկ երիտասարդ կնոջ, խնդրեմ, դուք ո՞րն եք ընտրում...

Պարոն Նիկոյան, նշեցիք, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվում, որպեսզի չմեղադրեն վարչական ռեսուրներն օգտագործելու մեջ, բայց ընտրական տարածքներում ՀՀԿ-ն առաջադրելու է մարզպետներին, ինչի կապակցությամբ արդեն մեղադրանքներ կան, որ մարզպետները  հնարավոր է՝ իրենց վարչական լծակները օգտագործեն հօգուտ կուսակցության, ինչո՞ւ եք առաջադրել մարզպետներին։

Դուք կարող եք հետեւել մարզպետներին եւ ինքներդ կարող եք հայտարարել, որ օգտագործում է պետական ռեսուրսները։ Եթե մարզպետը գնում է մեքենայով, ապա նրա պետական ռեսուրսը հիմնականում այդ  մեքենան է, բենզինը եւ վարորդը, եթե նա գնում է կուսակցական քարոզչության ու օգտագործում է այդ ռեսուրսը, այո, ուրեմն Դուք ճիշտ եք, բայց հստակ ասված է, որ դա չպետք է անեն։ Իսկ հանրապետության նախագահը եթե գնում է քարոզչության, այդ ամբողջ անվտանգության համակարգը պետք է աշխատի։

Մարզպետի լծակներ ասելով՝  նկատի ունեմ, որ մարզպետարանի ենթակայության տակ են առողջապահական, կրթական հաստատությունները: Օրինակ, մամուլը գրեց, որ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը Արարատի պոլիկլինիկայի փոխտնօրենին  փորձում էր ազատել աշխատանքից՝ իշխանության հակաքարոզչությամբ զբաղվելու համար, ինչը աղմուկից հետո կասեցվեց։

Խնդիրն այն է, որ հիմա պետք չի ոչ քարոզչություն անել, ոչ էլ հակաքարոզչություն։  Այդ առումով միգուցե ճիշտ է, որ ժամանակից շուտ որեւէ բան անել պետք չէ։ Հենց սկսվեց ժամանակը, յուրաքանչյուրը ազատ է աշխատանքից դուրս օրենքով նախատեսված ձեւով իրավունք ունի քարոզչություն անել։ Եթե օրենքի շրջանակում արվում է, եւ մեկ այլ մարդ խոչընդոտում է, ապա դա դատապարտելի է։ Իսկ եթե որեւէ մեկը ժամանակից շուտ իր լիազորության շրջանակում այդ ստրուկտուրան սկսում է օգտագործել հակաքարոզչության ու քարոզչության համար, եւ վերադասը փորձում է կանխել, ապա դրան նորմալ պետք է վերաբերել։

Հանրապետական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանը խոսեց անբիծ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, սակայն այս նախընտրական շրջանում արդեն իսկ շրջանառվում է, որ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ թեկնածու Միհրան Պողսյանը խոստանում է 60–70 հազար դրամ՝ մեկ քվեի դիմաց։ Այս պարագայում ինչպե՞ս է ձեզ հաջողվելու անբիծ ընտրություններ կազմակերպել։

Դուք լավ ասեցիք, որ խոսակցություններ են, եւ Աստված տա, որ դրանք մնան խոսակցությունների մակարդակում։ Որեւէ թեկնածու, այդ թվում Միհրան Պողոսյանը, պետք է հասկանա, որ հրապարակային այդպես անհիմն թվերի ու գործողությունների մասին խոսելը չի բխում ոչ իր, ոչ Հանրապետական կուսակցության շահերից, պետք է աշխատեն զուսպ լինել եւ իրենց արտահայտություններում եւ իրենց քայլերում։ Թեկուզ խոսակցություններ են, բայց ինձ համար մտահոգիչ են։

Իսկ որպեսզի մնա խոսակցության մակարդակում՝ ՀՀԿ վերնախավը ի՞նչ պետք է անի։

Չասենք՝ ՀՀԿ վերնախավ, դա պատասխանատու մարմինների խնդիրն է։

ՀՀԿ–ում եւս մեկ փոփոխություն տեղի ունեցավ վերջերս։ Քվե բերող լուրջ ռեսուրս համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքեց կուսակցությունը։ Նրա բացակայությունը ինչպե՞ս եք գնահատում այս նախընտրական  փուլում։ 

Ընդմիշտ բոլորս պետք է հասկանանք՝ չկան անփոխարինելի մարդիկ։ Անձը դառնում է այնպիսին, ինչպիսին հանրությունը ընկալում է, կուսակցության միջոցով եւ այդ թիմի շնորհիվ։ Եթե նա առանձնանում է, ինքը համոզում է, որ իր անձը քիչ նշանակություն ունի, թե ինքը ինչ կարող է անել։ Սա չի վերաբերում ձեր ասած դեպքին։ Ընդհանուր առմամբ յուրաքանչյուրը, եթե կարծում է, որ այն, ինչ կարող է անել, դա իր անձի շնորհքն է, չարաչար սխալվում են։ Երբ օգտագործում են պետության եւ  կուսակցության ռեսուրսները, դա այլ հանգամանք է, եւ երբեք այդ հնարավորությունը չպետք է վերագրել որեւէ անձի։ Երբ այդ կառավարչական լծակները ավարտվում են, նա հասկանում է, որ շարքային անձ է իր խոցելի կողմերով հանդերձ։ Ով լինի Հովիկ Աբրահամյանի փոխարեն, այդ ռեսուրսը կունենա եւ այդ նույն քվեն կբերի։ Քվեարկությունից հետո կհամեմատեք նախկին ընտրությունների արդյունքները, որտեղ նա շտաբի ղեկավար է եղել եւ ամեն ինչ կապել անձի հետ, այդպես չի։ 

Դուք ասացիք՝ անփոխարինելի մարդիկ չկան, սակայն Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբն այս ընտրություններին ղեկավարելու է ամբողջ գործադիր մարմինը, մինչդեռ նախորդ ընտրություններին Հովիկ Աբրահամյանն էր ղեկավարում շտաբը։ Փաստորեն, փոխարինող չգտնվե՞ց։

Այդպես ղեկավարելը շատ ճիշտ է, ոչ թե մարդ չգտնվեց, այլ շատ մարդ կա, այնտեղ նստած է յուրաքանչյուրը։ Եթե հիշում եք, չորս տարի առաջ Երեւան քաղաքի ընտրությունների շտաբը ղեկավարեց Շարմազանովը, փայլուն արդյունք էր, կարեւորը մեխանիզմն է։

Կարելի՞ է ասել, որ Հովիկ Աբրահամյանին փոխարինեց ամբողջ գործադիր մարմինը։

Եթե ձեզ այդպես է ձեռնտու, այդպես ձեւակերպեք։ Բայց ես ասում եմ՝  որ ցանկացած մեկին, որ այդ գործադիր մարմնից ու խորհրդից բերեին նշանակեին առանձին շտաբի ղեկավար, բացարձակ ոչինչ չէր փոխվի, եթե կա ամբողջ մեխանիզմը։ Անձի դերը քիչ նշանակություն ունի։

Ամեն դեպքում, Ձեր ասած մեխանիզմները Հովիկ Աբրահամյանին մեծ իշխանությամբ էին լիազորել նաեւ Արարատի մարզում։  Հիմա, իշխանությունը այդ գործառույթով փորձում է լիազորել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, նա կկարողանա՞ այդ նույն գործառույթը կատարել Արարատի մարզում։

Անձերի մասին չեմ ցանկանում խոսել։ Ասեմ, Ալիկ Սարգսյանը բացարձակապես չի ցանկանում եւ չի ուզում փոխարինել որեւէ մեկին։ Նա Ալիկ Սարգսյանն է իր կենսագրությամբ, նա ընդաենը մասնակցում է վարկանիշային ընտրություններին։ Չեմ կարծում, որ նման ցանկություն կա կուսակցության մեջ։

2012–ի  ընտրություններին   ՀՀԿ–ի կարգախոսն էր «Հավատանք, որ փոխենք»։  Ձեր իշխանությունը հինգ տարի անց ներկայանում է  ընտրողին։ Բացի վարչապետների փոփոխության ցանկից,  Սահմանադրության փոփոխությունից  այլ բան փոխե՞լ եք, որ նպաստել է քաղաքացու սոցիալական կյանքի բարելավմանը, կանխել է արտագաղթը եւ նպաստել շատ այլ խնդիրների լուծմանը:

Մեր նոր կառավարությունը այն տնտեսական համակարգի բարեփոխումները, որ ձեռնամուխ է եղել իրականացնելու տնտեսական դաշտի մրցակցային ազատականացման հարցում, ինչը մինչեւ հիմա եղել է բոլորիս ցանկությունը, եւ այդ  ուղղությամբ միշտ քննադատվել է  իշխանությունը, դրանք լուծված են եւ լուծվում են։ Այս տարի լինելու է 850 միլիոն դրամի ներդրում, որը 4 անգամ ավելի շատ է, քան ունեցել ենք անցնող տարվա ընթացքում։ Սա ձեր հարցի պատասխանն է։ Մենք արդեն ունենք այդ հնարավորությունը, կա այդքան գումար  եւ այն տեղը, որտեղ պետք է ներդնեն։ Այո փոփոխությունները կան, դրանք արդյունվետ են եւ կերեւան տարվա ընթացքում։

ՀՀ քաղաքացու սոցիալական կյանքը փոխվե՞լ է, Ձեր կարծիքով։

Կփոխվի, որովհետեւ 850 մլն դրամի ներդրումը, որ ներդրվել է, տնտեսության մեջ,  աշխատատեղերի ստեղծում է։ Եթե մարդը աշխատում է, նրա սոցիալական կյանքը փոխվելու է։ Դա ազդելու է նաեւ արտագաղթի կրճատման վրա։ Անշուշտ, մենք որոշակի առումով հապաղումներ ունեցել ենք, այս բարեփոխումները շատ ավելի շուտ կարելի էր սկսել։ Ինչպես ասում են՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ