Ֆիլիպինների ԱԳ նախարար Պերֆեկտո Յասայը մտադիր է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդին պատմել «ամբողջ ճշմարտությունը» թմրադեղերի դեմ նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ծավալած պատերազմի մասին։
Պատերազմ հայտարարելու պահից սկսած ՝ անցած տարվա հունիսից, Ֆիլիպիններում սպանվել է 7700 մարդ, որոնցից ավելի քան 2000-ը զոհվել են ոստիկանական ռեյդերի ժամանակ։ Դուտերտեն թույլ էր տալիս թմրադեղերի վաճառականներին ու թմրամոլներին սպանել առանց դատավարության ու քննության։ Սակայն ոստիկանությունը պնդում է, որ սպանությունների համար պատասխանատու է այսպես կոչված «զգոնության խմբերից» մեկը, որոնք դուրս են իրենց վերահսկողությունից։
Յասայը հայտնել է, որ մտադիր է ելույթ ունենալ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի նիստին ու հայտնել, որ Ֆիլիպինների արդարադատության համակարգը չի հանդուրժում մարդու իրավունքների խախտումները, նաեւ անդատաստան սպանությունները։ «Սա է ճշմարտությունը»,- ասել է նա։