News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օմբուդսմենի մասին նոր օրենքով նորամուծությունների լայն ցանկ է նախատեսվում: Այս մասին փետրվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով սահմանադրական օրենքը, որը լիովին ուժի մեջ կմտնի մարտից:

Նոր օրենքը ներկայացնելիս ՄԻՊ-ը հիշեցրեց, որ այն մշակվել է սահմանադրական բարեփոխումներն ընդունելուց հետո: Օմբուդսմենի խոսքով՝ իր գործառույթները հիմնական երկու ուղղություն են համատեղում՝ մասնավոր բողոքների հետազոտություն ու արձագանքում եւ կանխարգելող աշխատանք՝ ուղղված համակարգային բարելավմանը: Այս դեպքում մասնավոր բողոքները դիտարկվում են որպես խնդրի ցուցիչ: Օրենքի վերաբերյալ իրենց կարծիքն են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ-ը:

Արման Թաթոյանի խոսքով՝ օրենքով նախատեսվում է թափանցիկության եւ հրապարակայնության մեծացում, հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի ակտիվացում, անկախ փորձագետների ներգրավում: Ըստ որում՝ օմբուդսմենի աշխատակազմի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների վրա կտարածվի տեղեկատվության գաղտնիության իրավունքը:

Նորամուծություններից մեկը վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը: Նոր օրենքով նախատեսվում է մանկական հաստատություններ առանց խոչընդոտների այցելություն: Սկսվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ երկու զեկույցների նախապատրաստումը:

Մեկ այլ նորամուծություն վերաբերում է մասնավոր, հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությանը: Մի քանի դրույթներ են որոշվել, որոնց դեպքում նրանք կարող են դիմել պաշտպանության համար, այդ թվում՝ եթե հարցը հասարակական նշանակություն ունի կամ անձինք չեն կարող իրենց իրավունքներն ինքնուրույն պաշտպանել:

Ծրագրվել է ակտիվացնել զինծառայողների իրավունքների պաշտպանությունը: Այս նպատակով զինծառայողների իրավունքների պաշտպանության նոր փորձագիտական բաժին է ստեղծվել, նաեւ այդ հարցերով խորհուրդ:

Խոսքի ազատության վերաբերյալ օմբուդսմենը նշեց, որ լրագրողները մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ռազմավարական գործընկերն են. «Աշխատանքը ցույց է տվել, որ լրատվամիջոցները շատ են օգնում որոշ հարցերի մասին պատկերացում ունենալու համար, նաեւ օգնում են խնդիրները ուշադրության կենտրոնում պահելուն»:

Նախատեսվում է օմբուդսմենին առընթեր խորհուրդների թվի մեծացում, իսկ մարզային ստորաբաժանումներն ինքնուրույնության մեծացման խնդիր ունեն: Նոր օրենքով կընդլայնվի միջազգային համագործակցությունը, կլավանա երկրում մարդու իրավունքների պաշտպանության մեջ միջազգային ստանդարտների ներդրումը: Ազգային ժողովում եւ Սահմանադրական դատարանում կլինեն օմբուդսմենի հատուկ ներկայացուցիչներ: ՍԴ ստացվող գանգատները կուղարիկվեն նաեւ օմբուդսմենին մարդու իրավունքների տեսակետից հնարավոր խախտումները հայտնաբերելու համար: Օմբուդսմենը նաեւ հայտնեց, որ խախտումներ հայտնաբերելիս որոշումների ընդունումը սկզբունքորեն փոխվում է: Ներդրվում է ՄԻԵԴ-ի որոշումներին համապատասխան որոշումների ընդունման պրակտիկան: Նորամուծությունները կվերաբերեն նաեւ օմբուդսմենի աշխատակազմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ