Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն համայնքի բնակիչներն այսօր` մարտի 6-ին, «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին` ինչու ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորականները չեն վարձատրվել:
«Մենք երկու ամիս պոստ ենք պահել, սկզբում ասացին, որ վարձատրվելու ենք, իսկ հետո էլ պատճառաբանեցին, որ ծեր ենք, միայն մինչեւ հիսուն տարեկաններին մոտ հարյուր հազար դրամ տվեցին, իսկ մեզ ոչ մի բան»,- Սեյրան Օհանյանին դիմեց Վազաշենի բնակիչ Հայկ Ղազարյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով` թյուրիմացություն է եղել, այդ հարցով պետք է դիմել տարածքային զինկոմիսարիատին:
Մեզ հետ զրույցում գյուղամիջում հավաքված վազաշենցիները նշեցին, որ ապրիլին եւ մայիսին եղել են առաջնագծում:
«Մեզ ասացին, որ վճարելու են, բայց ոչ մի բան էլ չստացանք, ասացին` մենակ ջահելներին ենք տալիս: Մարդ կա` 108 հազար ստացավ, իսկ մենք ոչ մի բան»,- ասացին գյուղացիները:
Նշենք, որ վազաշենցիները նաեւ իրենց զարմանքն արտահայտեցին, որ Օհանյանը մտել է ակտիվ քաղաքականություն, միեւնույն ժամանակ շնորհակալություն հայտնեցին գյուղին տրամադրած աջակցության համար:
Դաշինքի հաջորդ կանգառը լինելու է Չինարի համայնքում:




























