News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շաբաթվա սկզբին Foreign Policy-ն հայտնել էր զարգացող երկրներին տրամադրվող օգնության ծախսերը կրճատելու Թրամփի վարչակազմի մտադրության մասին՝ վկայակոչելով Պետքարտուղարության բյուջեի 15-էջանոց փաստաթուղթը: Օգնության կրճատումը նախատեսված է 2018-ի ֆինանսական տարում եւ առնչվում է նաեւ Հայաստանին ու հետխորհրդային մյուս երկրներին:

Նույնիսկ ԱՄՆ օգնության ներկայիս ծրագրի քննադատները, օրինակ՝ Քարնեգի հիմնադրամից Ռիչարդ Սոկոլսկին, այս որոշման հետեւանքով շոկի մեջ են, նշում է The Christian Science Monitor-ը: Նրա խոսքով՝ սա սխալ մոտեցում է, քանի որ «ոչ մեկը ճիշտ հարցադրում չի կատարում, թե պաշարներն ինչպես են կապված մեր նպատակների հետ»:

Պարբերականը հայտնում է, որ Պետքարտուղարության գրասենյակի ֆինանսավորումը, որը պատասխանատու է օգնության ծրագրման եւ մոնիթորինգի համար, կկրճատվի 44,2 տոկոսով:

Պետքարտուղարությունից հրաժարվել են հրապարակված տվյալները մեկնաբանելուց: Սակայն The Christian Science Monitor-ը ներկայացրել է Պետքարտուղարության նախկին աշխատակցի խոսքը, որի համաձայն՝ Թրամփի վարչակազմում որոշ մարդիկ կարծում են, որ մյուս երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը բարեգործություն է, եւ ԱՄՆ-ը ոչինչ չի ստանում, այլ միայն փողը քամուն է տալիս:

Մինչդեռ կրճատումներն առանձնապես չեն ազդի ամբողջ բյուջեի վրա, քանի որ արտասահմանյան օգնությունը՝ ներառյալ ռազմական օգնությունը ԱՄՆ բյուջեի միայն մեկ տոկոսն է կազմում, եւ կրճատումներով հնարավոր է տնտեսել ընդամենը 0,15 տոկոս:

Դրանից զատ, ինչպես նշում են հոդվածի հեղինակները, արտասահմանյան օգնությունն ավանդաբար եղել է Վաշինգտոնի միջազգային ներկայության երեք սյուներից մեկը՝ ռազմական ներկայության եւ դիվանագիտության հետ:  

Դեռեւս 2013 թվականին պաշտպանության ներկայիս նախարար, այդ ժամանակ ԱՄՆ ԶՈւ-ի Կենտրոնական հրամանատարության հրամանատար Ջեյմս Մաթիսը Կոնգրեսում հայտարարել էր, որ Պետքարտուղարության անբավարար ֆինանսավորման դեպքում  ինքը ստիպված կլինի «ավելի շատ զենք գնել»:

Մամուլում հայտնված փաստաթղթերի համաձայն՝ կառավարությունը մտադիր է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փողերը վերցնել եւ փոխանցել, առնվազն դրա կեսը, Պետքարտուղարության կողմից ղեկավարվող Տնտեսական աջակցության հիմնադրամին: Տարբերությունն այն է, որ Միջազգային զարգացման գործակալությունը հասարակական կազմակերպությունների միջոցով միջոցները բաշխում է այնպիսի ճյուղերին, ինչպիսին են գյուղատնտեսությունը կամ առողջապահության եւ կրթության բարելավումը, մինչդեռ Տնտեսական աջակցության հիմնադրամի միջոցները փոխանցվում են այս կամ այն երկրի կառավարությանը, եւ այն դրանք տնօրինում է ըստ իր հայեցողության: Վերլուծաբան Սքոթ Մորիսը նշում է, որ միջոցները բաշխելիս Հիմնադրամն առաջնորդվում է ռազմավարական պատկերացումներով, որը աշխարհի կարեւոր անկյուններում կառավարությունների հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու հարմար եղանակ է: 

The Christian Science Monitor-ը նշում է, որ արտասահմանյան օգնության կողմնակիցները հույս ունեն, որ Կոնգրեսը մեծ չափի գումարներն այնքան էլ հեշտ չի տրամադրի անբացատրելի նպատակների համար եւ կվերականգնի զարգացման օգնության գոնե որոշ մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ