News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով ամեն անհարկի միջադեպ կարող է ստվերել արդարադատության բուն նպատակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, ով 2007-2010 թթ.-ին զբաղեցրել է նաեւ արդարադատության նախարարի պաշտոնը:

Անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությանը, որտեղ փաստաբաններին փորձում են խուզարկել նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ, ստիպելով բացել պայուսակները, Գեւորգ Դանիելյանն ասաց. «Այդ միջադեպերը, որքանով առնչվում են փաստաբանական գաղտնիքի բացահայտման հնարավորության հետ, այդքանով ուղղակի բնորոշում են արդար դատաքննության իրավունքի պահպանման ընդհանուր վիճակը. փաստաբանների կարգավիճակը տվյալ դեպքում նշված իրավունքի երաշխավորման բաղադրիչն է:

Ինքս չեմ կարող համարժեք գնահատական տալ այդ միջադեպերին, քանզի դրանց մասին հատվածաբար պատկերացում ունեմ միայն մամուլի էջերից, ուստի կանդրադառնամ իրավական ասպեկտներին:

Ինչո՞ւ է շփոթ ու անհարկի տարաձայնություն ծագում «զննություն» եւ «խուզարկություն» եզրույթների մեկնաբանության շուրջ: Պատճառը ոչ միայն խոցելի իրավական մշակույթն է, այլեւ այն, որ դեռեւս հայրենական օրենսդրությամբ այս խիստ կարեւոր եզրույթների բնորոշումը սպառիչ ու որոշակի ամրագրված չէ»:

Դանիելյանի խոսքով, այստեղ խոսքն իրավական հարկադրանքի միջոցների մասին է, ընդ որում, զննությունը, ի տարբերություն խուզարկության, կարող է իրականացվել նաեւ առանց որեւէ իրավախախտման մասին հիմնավոր կասկածի առկայության, ինչը թելադրված է անվտանգության նկատառումներով:

«Մյուս կողմից, օրենսդրությամբ մարդու իրավունքների սահմանափակումը չի կարող ապրիորի լինել, այն առնվազն պետք է համահունչ լինի Սահմանադրության մի քանի հիմնադրույթների՝ որոշակիության սկզբունքին (79-րդ հոդված), հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությանը (80-րդ հոդված) եւ այլն:

Տվյալ դեպքում, օրենսդրության բացը չի կարող լրացվել վարչական մարմինների հայեցողությամբ, իսկ հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությամբ ամրագրված դրույթները մեկնաբանելիս հարկ է հաշվի առնել ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում՝  ՄԻԵԴ-ի պրակտիկան: Իսկ նշված աղբյուրները վկայում են, որ խուզարկությունը, որպես կանոն, կատարվում է իրավախախտման առկայության հիմնավոր կասկածի հենքով առգրավման ենթակա իր հայտնաբերելու եւ, բնականաբար, այն առգրավելու նպատակով, ուստի իրականացվում է ինչպես արտաքին դիտարկման, այնպես էլ իրերի դասավորվածությունը խախտելու եղանակով, մինչդեռ՝ վարչարարության շրջանակներում անվտանգության նկատառումներով իրականացվող զննությունը սոսկ արտաքին դիտարկմամբ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կիրառմամբ իրերի զննումն է, տվյալ դեպքում՝ բացառելով փաստաբանական գաղտնիքի բացահայտման հնարավորությունը»,-ընդգծեց նա:

Գեւորգ Դանիելյանը նշում է, որ ըստ էության, զննության ընթացքում որոշ դեպքերում ու վերապահումներով կարող է իրավաչափ համարվել նաեւ պայուսակներ բացելու առաջարկությունը, պայմանով, որ նշված իրավիճակում արտաքին դիտարկումը չհանգեցնի որեւէ կերպ փաստաբանական գաղտնիքի բացահայտմանը. «Օրինակ բերենք մեկ այլ ոլորտից՝ թռիչքների մասնակից ուղեւորներին, տեխնիկական միջոցներով ընդհանուր զննությունից զատ, երբեմն, երբ տեխնիկական միջոցները անհրաժեշտ չափով հստակություն չեն ապահովում, առաջարկվում է բացել ուղեբեռը, սակայն համաձայնության բացակայության դեպքում՝ պետք է կայացվի որոշում, ինչը, ՄԻԵԴ-ի որոշումների համաձայն, երբեմն խախտվում է նաեւ արտասահմանյան երկրներում, հատկապես, երբ իրենց խախտումն արձանագրելու վտանգ չեն տեսնում: Հավելեմ, որ զննության սահմանների անցումն անթույլատրելի է ոչ միայն փաստաբանների, այլեւ ցանկացած անձի պարագայում:

Նշված գործերով յուրաքանչյուր անհարկի միջադեպ, իմ կարծիքով, կարող է անհարկի ստվերել արդարադատության բուն նպատակը, կանխորոշող  տպավորություն ստեղծել քննության արդյունքների եւ ընթացքի մասին»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարության ժամանակ փորձ է արվում խուզարկել փաստաբաններին՝ հիմնավորելով դա անվտանգության նկատառումներով: Փաստաբանները չեն համաձայնում բացել իրենց պայուսակները, որից հետո նրանց թույլ չեն տալիս մուտք գործել դատական նիտերի դահլիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ