Հյուսիսային Կորեայից եկող վտանգը ավելի լայն միջազգային հանրության խնդիր է եւ միասնական պատասխան է պահանջում։ Այս մասին ասված է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ։
«Հյուսիսատլանտյան խորհուրդն ամենավճռական ձեւով դատապարտում է Հյուսիսային Կորեայի ապօրինի գործողությունները, քանի որ դրանք սպառնում են տարածաշրջանային եւ միջազգային կայունությանը եւ խաղաղ ճանապարհով Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը»,– ասված է հայտարարության մեջ։
Ստոլտենբերգը Հյուսիսային Կորեային կոչ է արել ձեռնպահ մնալ հետագա սադրանքներից եւ ապօրինի գործողություններից, պահպանել ՄԱԿ ԱԽ բանաձեւերով սահմանված իր պարտավորություններին, ամբողջովին հրաժարվել միջուկային զենքից եւ միջուկային ու բալիստիկ հրթիռների ծրագրերից։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը նաեւ համերաշխություն է հայտնել տարածաշրջանի գործընկերներին՝ Ճապոնիային եւ Կորեայի Հանրապետությանը եւ հաստատել նրանց անվտանգության հարցում դաշինքի աջակցությունը։