News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը Մետաքսի ճանապարհին իր դիրքերը պահպանել է: Այս մասին հայտարարել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ ելույթ ունենալով Չինաստան Դունհուան քաղաքում ընթացող մեդիահամագործակցության «Մեկ գոտի, մեկ ճանապարհ 2017» համաժողովում:

«Հարգարժան մասնակիցներ, սիրելի գործընկերներ

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության անունից ողջունել Ձեզ այս չափազանց ներկայացուցչական համաժողովում, ինչպիսին համարվում է Մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող երկրների երկրորդ միջազգային մշակութային Էքսպոն, անկեղծ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը, որը նախաձեռնել է նման ձեւաչափով ներկայացող երկրների հանդիպման անցկացումը:

Օյկումենայի՝ հնադարում «բնակեցված աշխարհի» ծանոթացումը Հայկական լեռնաշխարհի հետ, որն այստեղ բարգավաճել է հայկական պետությունների եւ մշակույթի կողմից, մի քանի հազարամյակի պատմություն ունի: Գրեթե նույնքան վաղնջական է եղել նաեւ Արարատյան երկրի քարտեզագրական «ընկալումը»՝ այն նշված է դեռեւս մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին բաբելոնյան քարտեզներում: Հետագա դարաշրջաններում ատլասների եւ երկրի նկարագրություններում՝ լինի հունական կամ հռոմեական, արաբական, պարսկական կամ վենետիկյան, տեսանելի է Հայաստանի նկատմամբ ավելի ակնդետ ուշադրությունը:

Սակայն ինչո՞վ էր այս հետաքրքրությունը պայմանավորված: Մետաղների եւ այլ հումքի առատությա՞մբ: Այո: Գինու քաղցրությամբ եւ մարտաձիերի արագավազությա՞մբ: Անշուշտ: Գորգերի բազմերանգությամբ եւ շնարարների վարպետությա՞մբ: Անկասկած: Մշակույթի եւ ընդհանրապես արհեստների բարձր մակարդակո՞վ: Քաղաքական շահո՞վ: Անխոս: Սակայն սեփական հողի հարստությանը, տեղական վարպետների աշխատանքի արդյունքներին զուգահեռ՝ Հայաստանը շրջապատող աշխարհի ուշադրությունը գրավել է նաեւ իր աշխարհագրական դիրքի առավելությամբ: Հենց նրանք են նպաստել հայկական արտադրանքի տարածմանը Պերսեպոլիսի եւ Բաղդադի պալատներից մինչեւ եվրոպական թագավորների դղյակները:

Աստիճանաբար ձեւավորվող ապրանքների փոխանակման համաասիական համակարգին Հայկական լեռնաշխարհի ներգրավման հնագիտական վկայությունները պատկանում են արդեն մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Կենտրոնական եւ Հարավարեւելյան Ասիայից Մերձավոր Արեւելք տեղափոխվող ապանքները, այպես կոչված, «Լազուրե», «Անագի» կամ այլ ճանապարհներով Հայաստան մտնելով՝ Արեւմուտք են ուղեւորվել՝ Փոքր Ասիա, Բալկաններ եւ Հյուսիս՝ Կովկասի լեռնանցքեր եւ այլն:  Այս ճանապարհներն են հետագայում ընկել Մեծ Մետաքսի ճանապարհի հիմքում:

Մ.թ.ա. 130-ական թվականներին՝ պարթեւների միապետների մոտ չին կայսեր դեսպան Չժան Ցյանի հաջող առաքելությունից հետո ճանապարհի «բացումը» համընկավ Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55 թվականներ) կառավարման շրջանում հայկական թագավորության քաղաքական եւ տնտեսական վերելքի ժամանակաշրջանին:

Սակայն Հայաստանի մասնակցությունը անդրմայրցամաքային առեւտրին ամենեւին պայմանավորված չէր միայն  հայ թագավորների նվաճումներով կամ այլ հողերով: Այս ներգրավվածությունն օրգանական է ձեւավովել, դարերի ընթացքում եւ կախված չէր ռազմական ճակատագրի քմահաճույքներից: Հենց այս պատճառով  հայկական ապրանքներով եւ հայկական տարածքներով կատարվող ակտիվ միջազգային ապարանքափոխանակության վառ նկարազարդումներ ենք գտնում հնագույն ձեռագրերում, որոնք լուսաբանում են երկրի պատմության տարբեր ժամանակաշրջանները: Այսպես՝ ասորական ժայռապատկերներից հետո հայկական գինու եւ ձիերի Բաբելոն եւ Պարսկաստան արտահանման մասին գրում են Հերոդոտոսը (մ.թ.ա. 5-րդ դար) եւ Ստրաբոնը (մ.թ.ա. 1 դար): Հայկական ներկերի բացառիկ որակը, որը մատակարարվել է Հռոմ եւ Արեւելք, հաստատում են Պլինիոս Ավագը (մ.թ. 1-ին դար) եւ ավելի ուշ շրջանի արաբ հեղինակները: Հայկական գորգերի առեւտրով է զբաղվել հայտնի վենետիկցի Մարկո Պոլոն: Տեղական արտադրանքը հեռավոր երկրներ արտահանելու հետ մեկտեղ Հայաստան էր գալիս ապրանքների արտաքին հոսք։ Պատահական չէ, որ թագավորության վաղ միջնադարյան մայրաքաղաք Դվինում ընթանում էր չինական  մետաքսի խոշորագույն տոնավաճառը։ Իտալական, հունական, Միջագետքի կերամիկան եւ սիրիական ապակին, չինական ճենապակին եւ հնդկական զարդերը, հարյուրավոր դրամները վկայում են թքագավորության առեւտրային կապերի մասին՝ Չինաստանից մինչեւ Արեւմտյան Եվրոպա։

Սակայն իր հազարամյա պատմության մեջ Հայաստանը շատ փորձություններ է տարել, սակայն պահպանել է իր դիրքերը Մետաքսի ճանապարհին։ Հանրապետության Արարատյան դաշտի երկայնքով է անցնում ճանապարհի հիմնական 3 ճյուղերից մեկը։ Պատահաբար չէ, որ Հայաստանի պատմական մայրաքաղաքներից 5-ը Արարատյան դաշտում են եղել։

1990-ից ձեւավորված քաղաքական իրավիճակը նպաստեց հնագույն Մետաքսի ճանապարհի վերագործարկման բարձր հայտարարություններին։ Չնայած, որ դրա իրականացմանը շարունակում է խանգարել ճանապարհի որոշ երկրներում լարված իրավիճակը, «Մեծ Մետաքսի ճանապարհի» գաղափարը մնում է։ Կուզեինք Հայաստանը տեսնել որպես արժանի գործընկեր այդ ճանապարհին, քանի որ մեր երկիրը գրավիչ է ինչպես առեւտրի եւ զբոսաշրջության, այնպես էլ միջազգային մշակութային փոխանակման համար։ Մեր իմաստուն նախնիները հազար տարի առաջ գիտակցում էին դա»,– ասել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ Չինաստանի Դունհուան քաղաքում սեպտեմբերի 19-ին բացվել է մեդիահամագործակցության «Մեկ ճանապարհ, մեկ գոտի 2017» մեդիա ֆորումը։ Ֆորումին մասնակցում են 126 երկրների 265 լրատվամիջոցներ, որոնց թվում՝ NEWS.am–ի, Նոյյան տապան գործակալության եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչները։ Սա 2014 թվականից սկսած՝ արդեն 3-րդ նմանատիպ ֆորումն է, որն ընթանում է Չինաստանի «Ժենմին Ժիբաո» պետական թերթի հովանու ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ