News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Թեյի վայրի ծառերի հայտնագործության ժամանակներից այս բույսը երկար ճանապարհ է անցել՝ դեղամիջոցից (որն օգտագործում էին հում տերեւները) մինչեւ համեղ ըմպելիք, որը ձեւավորել է թեյ խմելու լիարժեք արարողակարգ։ Հոդվածում հեղինակը պատմում է Սուն հարստության (960-1279թթ. ) թեյ խմելու հետաքրքիր ավանդույթի մասին։

Այս հարստության կառավարման տարիներն աչքի են ընկել տնտեսական աճով, ինտենսիվ սոցիալական տեղաշարժերով եւ քաղաքական համակարգի բարձր կարգավորվածությամբ։ Միեւնույն ժամանակ, սկսած տասներորդ դարից, թեյի արվեստը Չինաստանում զարգացել է շատ արագ եւ բավական ինքնատիպ ձեւով։ Սուն դարաշրջանի բարեփոխումները ազդել են նաեւ թեյ խմելու արարողության վրա, որը ժառանգվել է Թան հարստությունից։

Սուն կայսրերը թեյ շատ են սիրել, եւ նրանցից ոմանք թեյի արարողության գիտակներ էին։ Հարստության կառավարման տարիներին փոշի թեյը դառնում է զանգվածային ըմպելիք։ Կայսր Սուն Հուեյ Ցզունը անգամ աշխատություն է գրել՝ «Խորհրդածություններ թեյի մասին» վերնագրով։ Կայսեր հատուկ վերաբերմունքի պատճառով թեյ արտադրողները հատուկ նշանակություն էին տալիս որպես ընծա կայսրին մատուցվող թեյի բնական եւ համային հատկություններին։

Թեյի բարեփոխումը բարձրակետին հասավ հենց այդ կայսեր օրոք, որը թագավորել է 1101-1125թթ., հավաքել եւ նկարագրել է թեյի պատրաստման լավագույն եղանակները, ընդ որում՝ խոսքն այստեղ փոշի թեյի մասին է։ Բուսատերեւները հավաքվում էին, հետո դրանք երկար աղում էին, իսկ հետո արդեն այդ փոշուց եփվում էր թեյը։ Ի հայտ եկան նաեւ մուգ հաստակող կավե գավաթներ՝ ծածկված մուգ-կապույտ կամ կանաչ, սեւ ու դարչնագույն գլազուրով, որոնք գեղեցիկ կերպով հակադրվում էին կանաչ թեյի հարած փոշու վառ փրփուրին։ Հուեյ Ցզունի կառավարման տարիներին թեյի արտադրությունը Չինաստանում ավելացավ մի քանի անգամ, բարգավաճեց թեյի առեւտուրը։

Փոշի թեյ խմելը, տարբերակներից մեկի համաձայն, Չինաստանում տարածվել է բուդդայականության ազդեցությամբ, քանի որ վանականները թեյ խմում էին, որպեսզի տոնուս ձեռք բերեն բազմաժամյա մեդիտացիաների ժամանակ։ Թեյը դարձավ Բուդդային ընծայաբերման կարեւոր բաղադրիչ։

Հուեյ Ցզունը սկսեց թեյխումի մրցաշարեր անցակացնել, որոնց ժամանակ մասնակիցները ճանաչում եւ գնահատում էին թեյի տեսակները։ Սովորաբար, մինչ թեյի տերեւները թրմվում էին թեյնիկներում, հավաքվածները նստում էին մի կողմում եւ սպասում ըմպելիքի պատրաստման ավարտին, մինչդեռ Սուն դարաշրջանում մարդիկ սկսեցին եռացող ջուր լցնել բաժակներում, որի մեջ լցված էր թեյի փոշին, եւ ջուրը սկսեցին խառնել բամբուկի խոզանակներով, որպեսզի թեյը եւ ջուրը միանան եւ ջրի մակերեսին փրփուր առաջանա, իսկ ըմպելիքն ինքը հաճախ սուրճի գույն  էր ստանում։ Սովորաբար շահում էր նա, ով, իր խառնելով, ստանում էր փրփուրի ամենամեծ գլխարկը։ Հայտնի է նաեւ, որ թեյի մրցումները դարձան կայսեր հարճերի՝ նրա ուշադրությունը գրավելու համարյա թե միակ ձեւը, ուստի աղջիկները հմտանում էին թեյի ծիսական մատուցման նոր տեսակների հայտնաբերման, ինչպես նաեւ դրա պատրաստման հարցում։ Առանձին արվեստ էր համարվում նկարչությունը թեյի փրփուրի վրա, նկարների մոտիվները վերաբերում էին չինական ավանդական մշակույթին՝ ծաղիկներ կամ գեղանկարչություն։  

Անպայման պետք է նշել, որ թեյի տերեւները հավաքվում եւ սեղմվում էին բրիկետներում, որպեսզի պահպանեն թեյի լավագույն հատկությունները։ Սունի դարաշրջանում մարդիկ սկսեցին այդ փաթեթներին ինքնատպ ձեւեր տալ, որպեսզի երանգավորեն թեյի գեղեցկությունը, եւ հաճախ այդ սալիկների վրա պատկերվում էր կայսերական վիշապը կամ փյունիկ թռչունը։ Թեյը քարավանների միջոցով սկսեց ակտիվորեն տարածվել հարեւան երկրներում։

Չինաստանից՝ Պարույր Սինյավսկի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ