Իրաքի քրդերի եւ Իսպանիայի կատալոնացիների ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացումը հանրաքվեով կատարելու քայլերը նպաստում են աշխարհի ժողովրդավարականացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել Պահպանողական կուսակցությունը (ղեկավար՝ Միքայել Հայրապետյան-խմբ):
«Դրանք կարող են ազգերի ինքնորոշման խնդրի լուծման համընդհանուր նոր բանաձեւի դրական որոնման հանգեցնել, ինչը շահեկան է հայկական Արցախի խնդրի տեսանկյունից:
Միեւնույն ժամանակ վստահ ենք, որ ինքնորոշումների ներկա շքերթը մեր տարածաշրջանում սկիզբ է տալու նոր եւ անկառավարելի իրադարձությունների: Այս մտահոգությունից ելնելով՝ Պահպանողական կուսակցությունը մեկ անգամ եւս կրկնում է 1999-ին հաստատված իր ծրագրային մոտեցումը, ըստ որի՝ «Թուրքիայի եւ քրդերի հարցում ՀՀ դիվանագիտությունը պարտավոր է լինել առավել հեռատես եւ ոչ զգացմունքային. հայության եւ ՀՀ-ի համար չպետք է լինի տարբերություն եւ շահագրգռություն՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքակա՞ն, թե՞ քրդական պետություն է»:
Տարածաշրջանային բեւեռների փոփոխության պարագայում հայ քաղաքական միտքը եւ հանրային ընկալումները պարտավոր են համահունչ շտկումներ մտցնել ավելի քան 100-ամյա կարծրատիպերի մեջ»,-ասված է հայտարարության մեջ: