News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայոց լեզվում շատ բառեր փոխառվել են հնագույն լեզվից, որը գիտնականները հնդեվրոպական են կոչում: Դեռեւս հազարավոր տարիներ առաջ այդ բառերից շատերն իրենց հնչողությունն են ունեցել, եւ այսօր քչերը կարող են կռահել, որ դրանք «բուն» հայկական չեն: Այդ բառերից մի քանիսն առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, պնդում է Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) համեմատական բանասիրության պրոֆեսոր Ջեյմս Քլեքսոնը:

Այսպիսի բառերից մեկը հայերեն «սկեսուր» բառն է:

Ջեյմս Քլեքսոնը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ «սկեսուր» ժամանակակից բառը գրաբարով հնչել է «ըսկեսուր», իսկ հնդեվրոպերեն՝ «կուեկուորայի» նման մի բան: Սա հետաքրքիր է, քանի որ բառի զարգացումը տարբերվում է նման այլ բառերի մեծ մասի զարգացումից, որոնք հազարամյակներ առաջ փոխառվել են նույն հնդեվրոպական լեզվից:

Պրոֆեսորի պարզաբանմամբ՝ հնդեվրոպականից վերցված բառերը սովորաբար փոփոխվում են որոշակի կանոնների համաձայն, օրինակ՝ «կ» հնչյունը փոխվում է «շ»-ի: «Շուն» բառը նույնպես հնդեվրոպականից է փոխառվել, որով այն «կուոն» է հնչել. «կ» հնչյունը հայերենում վերափոխվել է «շ»-ի: Նույն բանն էր հարկ սպասել «կուեկուորա» բառից. այն, լեզվաբանի կարծիքով, պետք է հնչեր «շեսուր/շեսոր», այլ ոչ ամենեւին «սկեսուր»:

Լեզվաբանի խոսքով՝ հնդեվրոպական «դ» հնչյունը, որպես կանոն, հայերենում «տ» է դառնում: Օրինակ՝ հին հայկական «տասն» (ժամանակակից «տաս») բառը նույն արմատն ունի, ինչ լատիներեն «decem», հունարեն «дека» եւ անգլերեն «ten» բառերը: Այս բոլոր բառերը 10 են նշանակում եւ միեւնույն ծագումն ունեն, ուղղակի որոշ լեզուներում որոշ հնչյուններ փոփոխության են ենթարկվել:

«Հնդեվրոպական լեզուն շատ լեզուների նախահայրն է, այդ թվում՝ սանսկրիտի եւ հայերենի: Մենք այս լեզվի մասին ճշգրիտ գիտելիքներ չունենք. մենք այն վերականգնում ենք՝ համեմատելով տարբեր լեզուները, ինչպիսին են սանսկրիտը, հունարենը եւ այլ հնագույն լեզուները, որ հասկանանք, թե այն ինչպիսին է եղել: Մենք ճշգրիտ չգիտենք, թե հատկապես երբ եւ որտեղ են այս լեզվով խոսել: Դա, ավելի շուտ, եղել է ինչ-որ տեղ Սեւ ծովի ափին»,- ասաց Ջեյմս Քլեքսոնը:

«Մենք կասկածներ չունենք, որ հնդեվրոպական լեզուն իսկապես գոյություն է ունեցել: Երբ մենք համեմատում ենք այնպիսի լեզուները, ինչպիսին են իտալերենը, իսպաներենը, ֆրանսերենը, հունարենը, սանսկրիտը եւ հայերենը, մենք տեսնում ենք, որ դրանց միջեւ շատ ընդհանրություններ կան, եւ սա չի կարող սոսկ համընկնում լինել: Ավելի շուտ՝ դրանք ծագում են միեւնույն լեզվից: Ի դեպ, թուրքերենը եւ վրացերենը տարբերվում են եւ ոչ մի ձեւով չեն կապվում հնդեվրոպական լեզվի հետ: Իսկ հայոց լեզուն պատկանում է լեզուների այս մեծ ընտանիքին, որը մենք հնդեվրոպական ենք անվանում»,- հավելեց լեզվաբանը:

Ջեյմս Քլեքսոնի խոսքով՝ հնդեվրոպական լեզուների, մասնավորապես հայոց լեզվի  ուսումնասիրման հետաքրքրությունն իր մոտ առաջացել է դեռեւս պատանեկության տարիներին: Նրա խոսքով՝ հայոց լեզուն «դյութական» է, իսկ որ արեւմուտքում քչերն են այն ուսումնասիրում, այն ավելի գրավիչ եւ հետաքրքիր է դարձնում:

«Հնդեվրոպական լեզուներից հայոց լեզուն ես մշտապես առանձնահատուկ եմ սիրել: Այս լեզուն մեծ պատմություն ունի, դրանից բացի՝ դուք միանգամայն ֆանտաստիկ գրականություն ունեք»,- ասաց լեզվաբանը:

Ջեյմս Քլեքսոնը Երեւանում է գտնվում՝ մասնակցելու համար Հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովին (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL), որը հոկտեմբերի 2-ին է մեկնարկել:

Գիտաժողովի ժամանակ նա դասախոսություն է կարդացել հայոց լեզվի վաղ զարգացման եւ այն մասին, թե ինչ ավանդ են լեզվի մեջ ունեցել Մեսրոպ Մաշտոցի նման գրողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ