News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջոն Մալկովիչին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Հայաստանում՝ նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, եւ որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել մեծ մշակութային ժառանգություն ու ուրույն ներդրում ունենալ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում:

«Գիտեմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենալու ըմբոշխնելու Ձեր արվեստի, Ձեր տաղանդի առանձնահատուկ մի դրսեւորում, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը: Վստահ եմ, որ Ձեր մասնակցությունը Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը միշտ մնալու է հայ հանդիսատեսի հիշողության մեջ»,-ասել է Հանրապետության նախագահը եւ հույս հայտնել, որ Հայաստան թեեւ կարճատեւ այցելությանը՝ Ջոն Մալկովիչը հնարավորություն կունենա տեղում ավելի լավ ճանաչելու Հայաստանն իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ եւ տաղանդաշատ մարդկանց մշտապես ակնածանքով վերաբերվող հյուրընկալ հայ ժողովրդին:

Ջոն Մալկովիչը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ խոսքերի, հյուրընկալության, ինչպես նաեւ այն աջակցության ու ուշադրության համար, որ նախագահը հատկացնում է մշակույթի զարգացմանը, այդ թվում ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, որի հետ համագործակցության շրջանակներում է ժամանել Հայաստան:

Հայտնի արվեստագետը նշել է, որ անհամբեր է Երեւանում ներկայացնելու նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ մտահղացած համատեղ ձեռնարկը եւ հույս է հայտնել, որ այն սիրով կընդունվի հայ հանդիսատեսի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ