News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ կալանավորված միլիարդատեր արքայազն Ալ Վալիդը սխալ է մեկնաբանել սեփական երկրում այլախոհության հանդեպ հանդուժողականությունը: Ալ Վալիդի կալանավորման պատճառների մասին խորհրդածելիս նման եզրակացության է հանգել Bloomberg-ի լրագրող Էրիկ Շացկերը՝ մտաբերելով արքայազնին կալանավորելուց մի քանի օր առաջ անապատում նրա հետ իր վերջին ընթրիքը:

Շացկերը, որն արքայազնից մի քանի հարցազրույց է վերցրել եւ նրա տուն ելումուտ է ունեցել, նշում է, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Ալ Վալիդի պահվածքում ոչ մի բան չէր հուշում, թե նա կռահում է ինչ է իրեն սպասվում: «Նույնիսկ եթե կռահում էլ էր, ապա ցույց չէր տալիս»,- նշում է Շացկերը: Նրա կալանավորման հնարավոր պատճառների մասին խորհրդածելիս Շացկերը հիշում է 2015 թվականի փետրվարին Սալմանի գահակալությունից ընդամենը մի քանի շաբաթ անց տեղի ունեցած մի միջադեպ: «Հանգուցյալ Աբդալլահ թագավորի սիրելի զարմիկ Ալ Վալիդը երկար տարիներ ծրագրում էր արաբերենով հեռուստաալիք բացել, որը նորություններն ավելի հրապարակային տեսանկյամբ կհեռարձակեր, քան տարածաշրջանում մյուսները: Նա հեռուստաալիքն անվանել էր Alarab եւ հիմնադրել Բահրեյնում:

Բահրեյնի կառավարության հրամանով հեռուստաալիքը փակվել է աշխատանքային հենց առաջին օրը եւ այլեւս երբեք աշխատանքը չի վերսկսել: Բահրեյնի իշխանությունները հայտարարել էին, որ Alarab-ի ծրագրերը, որոնցից մեկում ներառված էր ընդդիմադիր քաղաքական գործչի հետ հարցազրույցը, չեն կարողացել «ուշադրություն դարձնել տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ծայրահեղականության եւ ահաբեկչության հաղթահարմանն ուղղված ջանքերին»: Սա ազդանշան էր, որ Ալ Վալիդը սխալ է մեկնաբանել Բահրեյնում այլախոհության հանդեպ հանդուրժողականությունը, եւ, որն ավելի կարեւոր է, Բահրեյնի հարեւան եւ նրա տնտեսական հովանավոր Սաուդյան Արաբիայում»,- կարծում է Շացկերը, ում այդպես էլ չի հաջողվել կալանավորվելուց հետո արքայազնի հետ կապ հաստատել:

Ալ Վալիդը մշտապես հպարտանում էր, որ իր կարողությունն ինքնուրույն է վաստակել, եւ որ իր բիզնեսը նավթից կախված չէ: Լրագրողը նշում է, որ հարցազրույցներից մեկում Ալ Վալիդն ասել է, որ «մեծապես ողջունում է եւ անձամբ աջակցում» ժառանգորդ արքայազն Մոհամմեդի ծրագրերը նավթային եկամուտներից Սաուդյան Արաբիայի կախվածության նվազման, բյուջեի պակասուրդի կրճատման եւ արտասահմանյան ներդրումների ավելի մեծ ծավալների ներգրավման ուղղությամբ: Սոցիալական եւ տնտեսական հարցերում Ալ Վալիդի դիքորոշումը, հավանաբար, համընկել է 32-ամյա ժառանգորդ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի գլխավորությամբ ներկայիս արդիականացման ծրագրին: Սա, այնուամենայնիվ, նրան կալանավորվելուց չի փրկել:

Հնարավոր է՝ թագավորական ընտանիքը վախեցել է, որ Կարմիր արքայազնի որդին ինչ-որ պահի կարող է անվերահսկելի դառնալ:

Նրա հայրը՝ Տալալ իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդուլ Ազիզի որդին է: Հայտնի էր նաեւ որպես Կարմիր արքայազն: Տալալն իր գերդաստանում առանձնանում էր ազատական համոզմունքներով եւ պետության պահպանողական քաղաքականության դեմ պայքարով: 1985 թվականից 1964 թվականը Տալալը ղեկավարել է «Ազատ էմիրներ» լիբերալ շարժումը:

The return of Saudi Arabia's Red Prince վերնագրով հոդվածում Ջոն Ռոսանթը պնդում է, որ Տալալի մայրը, ենթադրաբար, եղել է հայուհի Մունաիյիրը, որի ընտանիքը փախել է Օսմանյան Թուրքիայից՝ փրկվելով Ցեղասպանությունից: Ռոսանթը նշում է, որ Մունաիյիրը 12 տարեկանում ներկայացվել է (կամ նվիրվել)  45-ամյա թագավոր Աբդուլ Ազիզին: Երեք տարի հետո նա իր առաջնեկին՝ Տալալին է ունեցել, որը 3 տարի հետո մահացել է: 1931 թվականին Մունաիյիրը Աբդուլ Ազիզի համար եւս մեկ որդի է լույս աշխարհ բերել, ում, բեդվինների ավանդույթների համաձայն, մահացած ավագ եղբոր անունով են անվանակոչել: Մունաիյիրը իսլամ է ընդունել եւ ամբողջ կյանքում անգրագետ մնացել: Կարծիք կա, որ նա եղել է Աբդուլ Ազիզի ամենասիրելի կանանցից մեկը, որը պաշտոնապես նրա հետ ամուսնացել է 1940 թվականին: Նա մահացել է 1991 թվականի դեկտեմբերին:

Տարբեր տարիների Տալալը զբաղեցրել է կապի, ինչպես նաեւ ֆինանսների նախարարի պաշտոնները: Սակայն 1960-ական թվականներից «Ազատ էմիրներ» շարժման ստեղծումից հետո Տալալը հրապարակայնորեն քննադատել է սաուդյան ռեժիմը: Արդյունքում նրա անձնագիրն առգարվվել է, ունեցվածքը բռնագրավվել, իսկ Սաուդյան Արաբիայում նրա կողմնակիցներից մի քանիսին կալանավորել են: Լիբանանի կառավարությունը Էր Ռիադի հետ խնդիրներ ունենալուց խուսափելու համար ձգտել է Տալալից եւ նրա «Ազատ էմիրներից» ազատվել, եւ նրանք Եգիպտոս են եկել: Այնտեղ արքայազնը հանդիպել է երկրի նախագահ Նասերի հետ եւ գիրք հրատարակել, որում պաշտպանել է սահմանադրական բարեփոխումները՝ սոցիալիզմը հռչակելով իսլամի գլխավոր սկզբունք: Այսպես են նրան տվել «Կարմիր արքայազն» մականունը:

Բացառված չէ, որ Սաուդյան Արաբիայի համար իր ազատական հայացքները Ալ Վալդիը ժառանգել է հորից։

Օրինակ՝ նրա կինը՝ Ամիրան, ոչ միայն արքայական տոհմից չէ, այլ նաեւ առաջին սաուդյան արքայադուստրն է, որը հրաժարվել է հասարակությանը ներկայանալիս կրել ավանդական աբբայան։ Արքայադուստրը  Al-Waleed bin Talal Foundation հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն է։ Ֆոնդը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որն աջակցում  է աղքատության դեմ պայքարի, բնության աղետների հետեւանքների վերացման, կանանց իրավունքների եւ միջկրոնական  երկխոսությունը պաշտպանող ծրագրերն ու նախագծերը։

Ի դեպ, նա իր արքայազնին հանդիպել էր 18 տարեկանում։ Աղջիկը դպրոցական թերթի համար հարցազրույց էր վերցրել նրանից։ Արքայազնը 28 տարով մեծ էր, սակայն դա նրանց չխանգարեց։ Ամիրան եւ Ալ Վալիդը միասին ապրել են 6 տարի, որից հետո ամուսնալուծվել են։ Բաժանվելու պատճառներն անհայտ են։ Այդուհանդերձ, զույգը պահպանել է ընկերական հարաբերություններ։ Ամիրան ամուսնուն անվանում է իր ուսուցիչը, իսկ Ալ Վալիդը նշում է, որ շատ է հարգում նրան։ Ամիրան ունի Time Entertainment պրոդյուսերական ընկերություն եւ զբաղվում է բարեգործությամբ։

Հետաքրքիր է, որ Ալ Վալիդը բուսակեր է եւ նախընտրում է ցածր կալորիական մթերքներ։ Նրա հյուրերին միշտ մատուցում են 4 տարբեր խոհանոցների՝ սաուդյան, լիբանանյան, արեւմտյան՝ իտալական կամ ֆրանսիական, ինչպես նաեւ դիետիկ ուտեստներ։ Բացի այդ, նա երբեք բաց չի թողնում նորությունները, դիտում է դրանք անգամ մեքենայում, ընդ որում՝ միանգամից մի քանի էկրանի վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սաուդյան Արաբիան հայտարարել է տասնյակ պետական նախարարությունների 207 աշխատակիցների ձերբակալման մասին
Ձերբակալվածների անունները չեն նշվում, եւ անհասկանալի է, թե երբ են կատարվել ձերբակալությունները․․․
Սաուդյան թագավորի ձերբակալված եղբայրը թագաժառանգ արքայազնին գահը հանձնելու դեմ է հանդես եկել
77-ամյա արքայազն Ահմեդը Երդմնակալության խորհրդի այն երեք անդամներից էր, որը բացահայտ իր առարկություններն է հայտնել այդ մասին թագավորին․․․
Սաուդյան արքայազն Ալվալիդ Բին Թալալը վերադարձել է բիզնես
Նա 266 մլն դոլարի ներդրում է արել Deezer երաժշտական ընկերությունում...
Սաուդյան Արաբիայի իշխանությունները շարունակում են միլիարդատերերին կալանավորված պահել
Նրանց խոշտանգում են, ծեծում եւ քնից զրկում…
Էր Ռիադի իշխանություններր հայտնել են հակակոռուպցիոն գործով ավելի քան 100 մլրդ դոլար առգրավել
Ներկայացված տարբեր ակտիվների տեսքով՝ ներառյալ անշարժ գույք, կոմերցիոն կազմակերպություններ, արժեթղթեր, դրամական միջոցներ եւ այլ ակտիվներ…
Սաուդյան Արաբիայում ազատ են արձակել կոռուպցիայի գործով բոլոր ձերբակալվածներին
Վերջինն ազատվածների թվում է Saudi Bunladin group ընկերության ղեկավար Բաքր բին Լադենը եւ նրա ընտանիքի մյուս անդամները, որոնք ձերբակալվել էին նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի զանգվածային արշավի շրջանակներում․․․
Ամենաշատ