News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանը վերջապես ստորագրեց Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին փաստաթուղթը ստորագրեցին նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի ներկայությամբ:

Դոնալդ Տուսկը փաստաթուղթը հավակնոտ է կոչել, իսկ Սերժ Սարգսյանը նշել է, որ այն սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումը, որը դավանում է Հայաստանը:

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2010 թվականին, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ եւ հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մասին: Չնայած դրան՝ 2015 թվականին ԵՄ-ն եւ Հայաստանը նորից բանակցություններ սկսեցին՝ արդեն նոր համաձայնագիր կնքելու շուրջ: Այս տարվա մարտին այն նախաստորագրվեց, իսկ այսօր արդեն ստորագրվեց: Համաձայնագրով նախատեսվում է քաղաքական երկխոսության ամրապնդում: Կողմերը նաեւ կձգտեն ընդլայնել տնտեսական եւ ոլորտային համագործակցությունը, կդյուրացվի մարդկանց տեղաշարժը՝ հետագայում վիզայի ազատականացման շուրջ բանակցելու հնարավորությամբ: Այս փաստաթղթի տնտեսական բաղադրիչը, սակայն, էականորեն զիջում է Ասոցացման համաձայնագրին:

Իսկ այս օրերին Բրյուսելում է ո՛չ միայն Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Բելգիայի մայրաքաղաք են ժամանել «Արեւելյան գործընկերության» ծրագրի մյուս պետությունների ղեկավարները՝ բացառությամբ Բելառուսի նախագահի: Լիտվայի նախագահը կարծում է, թե «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը Մոսկվայի որոշումն է:

Իսկ գագաթնաժողովում հիմնական ինտրիգն ամփոփիչ հռչակագրի ստորագրման շուրջ էր: Բրյուսելում մտահոգված էին, որ այն կարող է տապալվել, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում համաձայնության գալ ղարաբաղյան հակամարտության հարցով ձեւակերպումների շուրջ: Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրատվամիջոցներից մեկին ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում արգելափակել հռչակագրի ստորագրումը, չնայած Ադրբեջանը ձգտում է բարդ ձեւակերպումներ առաջ մղել:

Գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, այնուամենայնիվ, ընդունվեց: Դրանում, սակայն, ոչ մի կոնկրետ հակամարտություն չի նշվում եւ կոչ է արվում վերականգնել տարածաշրջանում չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ելնելով միջազգային իրավունքի նորմերից եւ սկզբունքներից, ինչն արտահայտում է Հայաստանի դիրքորոշումը:

Կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը:  Հեռուստամարաթոն-2017-ի ընթացքում 12 մլն 505.456 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում է եղել: Այս տարվա հեռուստամարաթոնի թեման «Բերքառատ Արցախն» է: Նվիրաբերված միջոցներով Արցախի տարածքում խորքային հորերի հորատում կկատարվի, նոր ոռոգման ցանց կկառուցվի, ինչպես նաեւ արեւային էներգետիկ կայաններ կտեղադրվեն: Նշենք, որ 25 տարվա ընթացքում «Հայաստան» հիմնադրամը նվիրատուների շնորհիվ ավելի քան 50.000 ծրագիր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում: Իրականացված ծրագրերն ընդհանուր առմամբ 350 միլիոն դոլար են արժեցել: Այդ միջոցներով կառուցվել են ճանապարհներ, ջրատարներ, գազամուղ է անցկացվել, կառուցվել եւ վերանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ, մշակութային եւ մարզական կենտրոններ:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հայտնել է, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին Պավլիկ Մանուկյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին «ցռան մոզի» էր անվանել: Գործով նախաքննությունն այսօր ավարտվել է, Մանուկյանը որպես մեղադրյալ է ներգրավվել, դատավոր Գաբրիելյանը, սակայն, տուժող չի ճանաչվել: Որպես վկա հարցաքննել են դատական կարգադրիչներին:

Եգիպտոսում ահաբեկչություն է տեղի ունեցել: Սինայի թերակղզում մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել: Վերջին տվյալներով՝ շուրջ 190 մարդ է զոհվել, 125 վիրավոր կա: Ահաբեկիչները պայթուցիկ սարքը գործարկել են ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Նրանք 4 մեքենաներով շրջապատել են մզկիթը, գործի են դրել պայթուցիկը, իսկ հետո անկանոն կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Եգիպտոսի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել՝ ի հիշատակ ահաբեկչական հարձակման զոհերի:

Զիմբաբվեն նոր նախագահ ունի: Մայրաքաղաք Հարարեի Ազգային մարզադաշտում Էմերսոն Մնանգագվան բազմահազար քաղաքացիների ներկայությամբ երդում է տվել եւ խոնարհվելով Աստվածաշնչին՝ պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը: 75-ամյա Մնանգագվան Զիմբաբվեում քաղաքական ճգնաժամի ֆոնին նոյեմբերի սկզբին հեռացվել էր առաջին փոխնախագահի պաշտոնից: Նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն նրան մեղադրել էր իշխանությունը զավթելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ: Ըստ տեղեկությունների՝ Մուգաբեն այս քայլին դիմել է կնոջ՝ Գրեյսի ազդեցությամբ, որը մտադիր էր ամուսնուց հետո զբաղեցնել նախագահի պաշտոնը: Իսկ Մնանգագվան արդեն հայտնել է, որ պետության ղեկավարի ընտրությունները, ծրագրվածի պես, կկայանան հաջորդ տարի:

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ: Նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 574, ռուբլունը՝ 8 դրամ 28 լումա, ֆունտինը՝ 645 դրամ:

Նոյեմբերի 25-ի գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում թույլ ձյուն է սպասվում, 26-29-ը՝ առանց տեղումների եղանակ: Երեւանում նույնպես վաղը հնարավոր է թույլ ձյուն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -2-4 աստիճան ցուրտ, ցերեկը՝ նույնքան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ