News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանում հերթական սպանությունն է տեղի ունեցել: Ոստիկանությունն ահազանգ է ստացել մայրաքաղաքի թաղամասերից մեկում այրվող ավտոմեքենայի մասին: Իրավապահները Բաբաջանյան փողոցում «Նիսան»-ի սրահում տղամարդու դի են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքներով: Սպանվածը 38-ամյա Արշակ Գալստյանն է: Դեպքի վայրում նաեւ 6 պարկուճ են հայտնաբերել:

Կասկածյալի ինքնությունը կարճ ժամանակում ճշտվել է: Արդեն բերման ենթարկվածներ կան, սակայն, իրավապահների տեղեկացմամբ, հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողին դեռ որոնում են: Պարզվել է նաեւ, որ Արշակ Գալստյանի ուղղությամբ կրակել են մեկ այլ ավտոմեքենայից: Ոստիկանությունը կասկածյալի եւ բերման ենթարկվածների անունները, ինչպես նաեւ հանցագործության պատճառների մասին ոչինչ չի հայտնում:

Ազգային ժողովն այսօր ընդունել է նախօրեին քննարկված մի քանի օրինագծեր ու նոր նախագծեր քննարկել: Խորհրդարանն 90 կողմ ձայնով վավերացրել է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության համաձայնագիրը: Դրանով 1.5 մլն եվրո կտրամադրվի Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ պիտանելիությունից դուրս եկած ռազմական տեխնիկան ոչնչացնելու համար: 92 կողմ ձայնով պատգամավորներն ընդունել են նաեւ Ռուսաստանից 100 մլն դոլարի վարկ ստանալու մասին համաձայնագիրը: Այդ գումարով էլ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանք ենք ձեռք բերելու:

Իսկ ընտանեկան բռնության մասին օրինագծի քննարկումը բուռն է անցել: «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ ընտանիքում համերաշխության վերականգնումն օրենքով չի կարող լինել: Օրինագիծը Պետրոսյանին նաեւ սովետական թաղայինների ինստիտուտն է հիշեցրել, եւ պատգամավորը կոչ է արել թույլ չտալ, որ ոստիկանները խառնվեն հայ ընտանիքի գործերին: Փոխարենը, ըստ նրա, լավ կլիներ բռնություն եւ սպանություն քարոզող հաղորդումներն արգելել:

Հրայր Թովմասյանն էլ կոչ է անում օրինագիծը չմեկնաբանել այնպես, թե դրա ընդունումից հետո ընտանիքի անդամներն արդեն այս օրենքի միջոցով են շփվելու: Բայց դրա ընդունումն անհրաժեշտություն է, քանի որ, պատգամավորի հավաստմամբ, Հայաստանում, ցավոք, կան ընտանիքներ, որտեղ կնոջը ծեծելն առավոտյան ատամները մաքրելու պես բան է դարձել:

«Ելք»-ը կողմ է օրինագծին, բայց Նիկոլ Փաշինյանը վերապահումներ ունի ելույթներում հնչած ձեւակերպումների շուրջ: Ասում է՝ պետք չէ ամեն ինչին ասել ազգային ավանդույթ եւ կուրորեն ընդունել դրանք: Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսել է նաեւ թանկացումներից՝ հայտարարելով. 2018 թվականը թանկացումների տարի է լինելու: Ընդ որում, պատգամավորի խոսքով, սա ընդունում է նաեւ կառավարությունը, քանի որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով 4%-ի գնաճ է կանխատեսում, բայց գերադասում է չխոսել այդ մասին:

Կիեւում Միխայիլ Սահակաշվիլիի մասնակցությամբ իրադարձությունները նոր զարգացումներ են ստացել: Չնայած ցրտին ու ձյան տեղումներին՝ Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները Ռադայի մոտ վրանային ճամբար ստեղծել: Այստեղ վաղ առավոտյան ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ բախումներ են գրանցվել, ուր իրավապահները եկել էին՝ քաղաքական գործչին հարցաքննության տանելու: Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ճամբարից հայտնել են բախումների հետեւանքով մի քանի տուժածի մասին: Ըստ տեղեկությունների՝ ակտիվիստներն էլ հարձակվել են ոստիկանների վրա, ինչից հետո վերջինները նահանջել են:

Ավելի ուշ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրավապահները պարզապես շփոթել են վրաններն ու հարձակվել հարեւան վրանում քնած ակտիվիստների վրա, դաժան ծեծի ենթարկել նրանց: Նա նաեւ դիմել է Ուկրաինայի նախագահին՝ նշելով, որ իրենք խաղաղ ակցիա են անցկացնում եւ կոչ անելով զերծ մնալ սադրանքներից ու մարդկանց չստիպել հակադարձել: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց նաեւ, որ Սահակաշվիլին համախոհների հետ գրավել է Գերագույն ռադայի հանձնաժողովներից մեկը: Այս փաստով քրեական վարույթ է հարուցվել:

Մեկնաբանելով այս իրադարձությունները՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե ցնցված է կատարվածի առիթով: Նա նաեւ նշել է, թե Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման փորձը Մոսկվայի ձեռքի գործն է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան ուկրաինացի ուժայինները որոշել էին խուզարկել Սաակաշվիլիի Կիեւի բնակարանը: Վրացի գործիչը շենքի տանիք էր բարձրացել՝ սպառնալով ցած նետվել: Օդեսայի նախկին նահանգապետին իջեցրեցին տանիքից, ձերբակալեցին, բայց տեղ հասցնել չկարողացան. գործչի համախոհները հարձակվեցին Սահակաշվիլիին տեղափոխող մեքենայի վրա ու ազատեցին նրան:

Հայկական շուկայում ադրբեջանական արտադրության կոնֆետներ են հայտնվել: Տեղեկությունը հրապարակվել է մամուլում, իսկ գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչներն արդեն շրջայցեր են կատարել խանութներում: Հրապարակման հեղինակից ճշտել են խանութի հասցեն, սակայն ո՛չ այնտեղ, ո՛չ էլ հարակից խանութներում ադրբեջանական արտադրության կոնֆետներ չեն գտել: Ծառայությունը սպառողներին հորդորել է խախտումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել իրենց «Թեժ գծին»: Խնդրով զբաղվում է նաեւ ՊԵԿ-ը: Նշենք, որ ադրբեջանական կոնֆետներ տարիներ առաջ իրացվել են նաեւ Վանաձորում. դրանք Հայաստան էին բերել Թբիլիսիից: Հայկական շուկա նաեւ ադրբեջանական խնձոր ու թեյ է հասել:

74 տարեկանում կյանքից հեռացել է «ֆրանսիական ռոքի կուռք» Ջոնի Հոլիդեյը: Ամիսներ շարունակ նա պայքարում էր թոքերի քաղցկեղի դեմ: Հայրենիքում Հոլիդեյին «ֆրանսիական ռոքի վերջին լեգենդ» էին անվանում: Երաժշտի մահվան մասին հայտնել է կինը՝ Լետիսիան: Ջոնի Հոլիդեյը, որի իրական անունն է Ժան-Ֆիլիպ Սմետ, կարիերայի ընթացքում ավելի քան 400 համերգային շրջագայություն է կատարել, 115 մլն սկավառակ վաճառել, նրա 18 ալբոմներ պլատինե են դարձել: Ջոնի Հոլիդեյը երաժշտական կարիերան սկսել է 1960-ական թվականներին: Հոլիդեյը, որին ֆրանսիացի Էլվիս Փրեսլի էին կոչում, ֆրանսիական ռոք-ըն-ռոլի առաջին կատարողն էր: Երաժիշտը նաեւ մի շարք զուգերգեր է ձայնագրել Շառլ Ազնավուրի հետ: Ջոնի Հոլիդեյի առաջին կինը, ի դեպ, ֆրանսիահայ հայտնի դերասանուհի եւ երգչուհի Սիլվի Վարդանն էր. զույգը որդի ունի:

Դոփինգի հետ կապված սկանդալը հանգուցալուծվեց. ռուսական օլիմպիական պատվիրակությունը զրկվեց 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին. արդյունքում ռուսաստանցի որեւէ պաշտոնյա օլիմպիական հավատարմագրում չի ստանա, իսկ այդ երկրի սպորտի նախարար, փոխվարչապետ Վիտալի Մուտկոն Օլիմպիական խաղերի հավատարմագրումից ցմահ է զրկվել: Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոփինգային սկանդալի հետ առնչություն չունեցող ռուսաստանցի մարզիկները կկարողանան օլիմպիադային մասնակցել չեզոք դրոշի ներքո, իսկ հաղթանակի դեպքում պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի հիմնի փոխարեն կհնչի օլիմպիական հիմնը: ՄՕԿ-ի որոշման պատճառը դոփինգային սկանդալն է: Հետաքննության շրջանակում ուսումնասիրություններ են արել եւ պարզել, որ Ռուսաստանը դոփինգի կիրառման պետական ծրագիր է ունեցել: Հիշեցնենք, որ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը փետրվարի 9-ից 25-ը կընդունի Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքը:

Դեկտեմբերի 6-ին դոլարը շարունակել է թանկանալ, իսկ եվրոն եւ ռուբլին թուլացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 573, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 649 դրամ:

Դեկտեմբերի 7-ին Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում, 8-ին թույլ ձյուն կտեղա հանրապետության ամբողջ տարածքում: Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ նույնքան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ